«Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում է
2 րոպեի ընթերցում
![«Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/07/1058194.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Ալաշկերտ»-ը պատասխան խաղում հյուրընկալեց Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադս»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային 10 րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով, բայց դարպասի գրավում չկար: Խաղակեսի ավարտին մոտ տեղատարափ անձրև սկսվեց, ինչն ազդեց խաղի արագության վրա: «Ալաշկերտ»-ը մի քանի հնարավորություն ուներ բացելու խաղի հաշիվը, սակայն գնդակը չէր հայտնվում դարպասում: Ի վերջո, մեկնարկային 45 րոպեներն ավարտվեցին առանց դարպասի գրավման:
Երկրորդ կեսում եղանակային պայմաններն ավելի վատացան, և խաղի ընթացքի վրա ազդեց քամու առկայությունը: «Ալաշկերտ»-ն ակնհայտ առավելություն ուներ և գնալով մեծացնում էր ճնշումը մրցակցի դարպասին: Խաղն, ի վերջո, տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Առաջին 15 րոպեներին անդադար գրոհում էր հայկական ակումբը: Եվ վերջապես՝ խաղի 112-րդ րոպեին «Ալաշկերտ»-ը բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Վենսան Բեզեկուրը: «Ալաշկերտ»-ը հաղթեց նվազագույն հաշվով և երկու խաղերի ընդհանուր 3:2 հաշվով կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում: Նրա մրցակիցը մոլդովական «Շերիֆ»-ն է: