Ֆրանսիայի նախագահը կայցելի Հայաստան. Նիկոլ Փաշինյանն ընդունել է դեսպան Ժոնաթան Լաքոթին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դեսպանին Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ և նշել, որ երկու դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Ֆրանսիայի, այլև ողջ ժամանակակից մարդկության համար: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում աշխարհում ձևավորվեցին նոր հարաբերություններ: «Ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակի վրա: Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը մեր երկիր, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նախագահ Մակրոնի հետ գտնվում է մշտական կապի մեջ: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և տարածաշրջանում կայունության ամրապնդման գործում:

Դեսպան Լաքոթը շնորհակալություն է հայտնել շնորհավորական խոսքերի համար՝ հավելելով, որ 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը ևս ժողովրդավարական արժեքների ամրապնդման նոր իրողություններ ստեղծեց Հայաստանում: Դեսպանը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատարին և ՀՀ քաղաքացիներին՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ և նշել, որ այդ ընտրություններով Հայաստանը հղեց ամուր ժողովրդավարական ուղերձ և միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ համագործակցության, նոր ուղի բացեց: Ժոնաթան Լաքոթը հավելել է, որ ակտիվ աշխատանքեր են տարվում Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ, ինչը կարող է մեծ ազդակ հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը: Դեսպանն ընդգծել է, որ ֆրանսիական կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, կրթության և այլ ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը և Ժոնաթան Լաքոթն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին:

Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ իրենք ուշադրությամբ հետևում են տեղի ունեցող գործընթացներին և ֆրանսիական կողմը շարունակելու է հետևողական ջանքերը՝ ի նպաստ կայունության, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության և բանակցությունների վերականգնման: Դեսպանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ և այն հնարավոր կլինի միայն ԼՂ վերրջնական կարգավիճակի հստակեցումից հետո: Միաժամանակ, դեսպան Լաքոթն իր ցավակցություններն է հայտնել Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված կրակից հայ զինծառայողի մահվան կապակցությամբ և անթույլատրելի համար նման գործողություններն ու հրադադարի ռեժիմի խախտումները:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում անկայունություն հրահրելու համար, ինչի վկայությունն են այնտեղից ամենաբարձր մակարդակով հնչող շարունակական ագրեսիվ հռետորաբանությամբ հայտարարությունները: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է տեղի ունեցող գործողություններին միջազգային հանրության կողմից համարժեք արձագանքը և անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը:

Հայերեն العربية English Français Русский

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին