Մշակույթ

Երևանյան և մարզային համերգներով կտոնվեն Բաբաջանյանի և Միրզոյանի հոբելյանները

2 րոպեի ընթերցում

Երևանյան և մարզային համերգներով կտոնվեն Բաբաջանյանի և Միրզոյանի հոբելյանները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանների առթիվ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հանդես կգա բազմաբովանդակ համերգային ծրագրերով: Նախատեսվում են երեկոներ և՛ Երևանում, և՛ մարզերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը շեշտեց, որ հուլիսի 10-ին Կոմպոզիտորների միության Էդվարդ Միրզոյանի անվան ստեղծագործական տան Բեթհովենյան դահլիճում տեղի կունենա սպասված համերգ, որին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ։ Կհնչեն Էդվարդ Միրզոյանի «Լարային քառյակ», «Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար», «Պոեմ-էպիտաֆիա կամերային նվագախմբի համար» ստեղծագործությունները:

«Այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Անում ենք հնարավորը դահլիճում հյուրերին հավուր պատշաճի ընդունելու համար: Դահլիճը բավականին վատ վիճակում է, և մենք ուզում ենք այս համերգով մարդկանց ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել այդ տարածքի վրա»,- նշեց Նազարյանը:

Անդրադառնալով Բաբաջանյանին՝ նա տեղեկացրեց, որ անվանի դաշնակահար Վահագն Հայրապետյանը Բաբաջանյանի սիրված երգերը մատուցելու է ջազային տարբերակով: «Հայրապետյանի տրիոն և Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես են գալու Սյունիքի մարզում՝ հուլիսի 27-ին Կապանի մշակույթի տանը և հուլիսի 28-ին Գորիսի թատրոնում: Համերգները ղեկավարելու է Ռոբերտ Մլքեյանը: Հուլիսի 31-ին էլ համերգ կկայանա Կամերային երաժշտության տան դիմացի բակում»,- շեշտեց Նորայր Նազարյանը:

Նախաձեռնությունը կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում