Մշակույթ

Առնո Բաբաջանյանի էստրադային գործերի կենդանի կատարումները կhնչեն Երևանի տարբեր շրջաններում

2 րոպեի ընթերցում

Առնո Բաբաջանյանի էստրադային գործերի կենդանի կատարումները կhնչեն Երևանի տարբեր շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններն առավել ճանաչելի դարձնելու, նրան հանրահռչակելու նպատակով Հայաստանի պետական ֆիլհարմոնիան իրականացնում է «Բաբաջանյանը՝ Երևանում» համերգային նախագիծը՝ նվիրված կոմպոզիտորի 100-ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը Ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանն ասաց, որ Երևանի հինգ վարչական շրջանի բեմերում Բաբաջանյանի էստրադային երգերը կատարում են կոլեկտիվներ, արտիստներ:

«Արդեն հինգ համերգ է տեղի ունեցել, երկուսը՝ Սարյան փողոցում, երկուսը՝ Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում: Հուլիսի 7-ին համերգ անցկացվեց Գարեգին Նժդեհի հրապարակում, հուլիսի 8-ին համերգ է նախատեսվում Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի այգում, իսկ հուլիսի 9-ին Թումոյի այգում կկազմակերպվի ծրագրի փակումը: Համերգներն սկսվում են 19:30-ին և տևում են երկու ժամ»,- տեղեկացրեց Նաղդյանը:

Նրա խոսքով՝ ցանկություն կա տարվա երկրորդ կեսին անդրադառնալու Բաբաջանյանի դասական ժանրի ստեղծագործություններին:

Ֆիլհարմոնիան տարբեր նվագախմբերի հետ համագործակցության ծրագրեր ունի, նախատեսում է աշխատել արտերկրի մենակատարների հետ: «Մաեստրոն միջազգային արտիստ էր, ուստի նրա հոբելյանը պետք է նշել ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային երկրներում: Բոլորն Առնո Բաբաջանյանին համարում են հարազատ կոմպոզիտոր»,- եզրափակեց Արտյոմ Նաղդյանը:

Նախաձեռնությունը կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում