Գարեգին Բ-ն ցավակցագիր է հղել Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ:Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ուղերձում ասված է.

«Մշտամրմունջ աղոթք և օրհնություն Ջիվան Գասպարյանի բարի հիշատակին

Հայ երաժշտարվեստի երախտավոր, տաղանդաշատ դուդուկահար Ջիվան Գասպարյանը ի Տեր ննջեց ստեղծագործական բուռն գործունեության հարուստ վաստակով, սիրված ու գնահատված մեր ժողովրդի կողմից։ Նա տասնյակ տարիներ Հայաստանի և արտերկրի բազմաթիվ բեմերում ներկայացրեց հայ երաժշտարվեստի գոհարները՝ ծառայելով մեր մշակույթի ճանաչման ու տարածման երախտարժան գործին:

Բարեհիշատակ Ջիվան Գասպարյանի կատարումները լայնորեն օգտագործվել են նաև համաշխարհային կինոարվեստի ասպարեզում մեծ հաջողություններ արձանագրած ֆիլմերում։ Դուդուկի մեծ վարպետը իր ուրույն ձեռագրով ու արվեստագետի ճաշակով արժանացել է հայրենական ու միջազգային բազմաթիվ պարգևների ու մրցանակների, պետական բարձր կոչումների:

Հայցում ենք, որ Ողորմածն Աստված երկնային Իր հանգրվաններում լույսերի ու խաղաղության մեջ ընդունի հանգուցյալ իր ծառայի՝ Ջիվան Գասպարյանի լոյս հոգին և արժանացնի երանավետ հանգստյան»:

Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլագ գյուղում 1928 թվականին։ Դժվար մանկություն է ունեցել, քանի որ մայրը վաղ է մահացել, իսկ հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից է եղել: Գասպարյանը մեծացել է որբանոցում։ Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից։ 1947 թվականին մեկնել է Մոսկվա ազգային սիրողական համույթի հետ, որտեղ համերգից հետո Ստալինից ստացել է «Պոբեդա» ժամացույց։ 1956 թվականին ստացել է առաջին մրցանակը, 1959-ին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ միջազգային փառատոնում՝ ՄԱԿԳՄԻ (UNESCO) հովանավորությամբ։ Նույն մրցույթին մասնակցելով 1962 թվականին՝ ստացել է արծաթե մեդալ, 1973-ին՝ բրոնզե, 1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։ 1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը։ Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Ռոնին», «Օնեգին», «Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն և մոխիր» և այլն: Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգային ծրագրում: Գասպարյանի մահվան լուրը հուլիսի 6-ին հայտնել էր Ջիվան Գասպարյան կրտսերը:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից