Քաղաքականություն

Գործարարության համար այսօր ստեղծված են բոլոր հնարավոր պայմանները. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Գործարարության համար այսօր ստեղծված են բոլոր հնարավոր պայմանները. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ իր ղեկավարման տարիների ընթացքում Հայաստանում գործարարության համար ստեղծվել են բոլոր հնարավոր պայմանները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Մասիսում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Փաշինյանը մասիսցիների հետ հանդիպումը սկսեց մի պատմությամբ՝ Լոռիում մի կրպակի սեփականատեր շնորհակալություն է հայտնել իրեն, կառավարությանը: «Եվ հարցրեցի՝ ինչի համար: Նա ասաց, որ նախկինում պետական ինչքան մարմին կար` գալիս էր իր «փայը» տանելու այդ փոքր կրպակից: Ասում էր՝ հիմա որևէ մեկն այդպիսի հարցով չի մոտենում իրենց: Սա ակնհայտ իրողություն է: Այսօր Հայաստանում, եթե որևէ գործարար կասի, որ նախկինում երբևէ գործարարության համար ավելի լավ պայմանաներ են եղել՝ նկատի ունենալով պետական մարմինների հետ հարաբերությունները, այնքան էլ ճիշտ չի ասի: Որովհետև այսօր գործարարության համար ստեղծված են բոլոր հնարավոր պայմանները: Այսօր գործարարությամբ զբաղվող մարդը միայն մեկ խնդիր ունի՝ իր հարկերը վճարում է և դառնում է անձեռնմխելի»,- ասաց Փաշինյանը:

Նա, սակայն չբացառեց առանձին որոշակի երևույթների գոյությունը՝ հիշեցնելով, որ վերջին տարիներին ՊԵԿ-ի, Ոստիկանության աշխատակիցների ձերբակալման դեպքեր են եղել՝ գործարարների նկատմամբ ինչ-որ լծակներ գործադրելու համար: Բայց նա շեշտեց՝ իրականությունն այն է, որ այդ երևույթն, ըստ էության, վերացված է Հայաստանից: «Կան մնացորդային երևույթներ, որոնց դեմ մենք պետք է պայքարենք: Այսօր գործարարի գործը հարկ վճարելն է, վճարեց, դառնում է անձեռնխմելի: Եվ այսօր ՀՀ բոլոր փոքր, միջին գործարարները սա չեն կարող չարձանագրել»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց ճամպրուկներով դեպի կառավարական շենքեր փող տանելու իր՝ ավելի վաղ արած արտահայտությունը՝ նշելով, որ այսօր քրեական գործեր կան, որոնք այդ մասին վկայում են: Նրա խոսքով՝ շատ հայտնի նախկին օլիգարխներ դրա մասին ցուցմունք են տվել՝ հավելելով, որ նրանցից մեկը մահացել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում