Պարսկերեն-հայերեն բացառիկ բառարանում ընդգրկվել է պարսկերեն շուրջ 25 հազար բառ և արտահայտություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Հանրային ռադիոյի պարսկերեն բաժնի ավագ խմբագիր Տիգրան Դավուդյան-Դավթյանի Պարսկերեն-հայերեն բառարանում զետեղվել է պարսկերենի շուրջ 25 հազար բառ և արտահայտություն: Գրքում հեղինակն ամփոփել է երկու լեզվի գործածության երկարամյա փորձը, ինչպես նաև տպագիր և առցանց ԶԼՄ-ներում, առօրյայում օգտագործվող նորագույն բառեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 9-ին Հայաստանի գրողների միությունում:

«Հայերենի և պարսկերենի կապը դարերով ուսումնասիրվել է: Լեզվաբան Հրաչյա Աճառյանը բազմաթիվ բառերի ստուգաբանությունն ու արմատներն է ներկայացրել ընթերցողներին, սակայն լեզուն շարժման մեջ է, և նորաբառեր են հայտնվում, նոր արտահայտություններ»,-նշեց միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու ընդգծեց, որ Տիգրան Դավուդյան-Դավթյանը շատ լուրջ աշխատանք է կատարել:

Միլիտոնյանը վստահ է՝ հայ թարգմանիչները, իրանագետները կարող են օգտվել հարուստ բառարանից:

Անդրադառնալով հայ-իրանական գրական միությունների, կազմակերպություններին՝ նա շեշտեց՝ կա սերտ համագործակցություն: «Վերջին 25 տարում Իրանն աշխարհի միակ երկիրն է, որը հրատարակում է հայ դասական և ժամանակակից գրողների: Առաջիկայում լույս է տեսնելու «Իրանի արևը» ժողովածուն, որում դասական և ժամանակակից գրողների գեղարվեստական ստեղծագործություններն են Իրանի մասին: Այն նաև Թեհրանում պարսկերեն հրատարակելու նպատակ ունենք»,-տեղեկացրեց Միլիտոնյանը:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային համոզված է, որ յուրաքանչյուր լեզվի ուսուցում, յուրացում նպաստում է երկրների միջև գրական և մշակութային կապերի զարգացմանը, ուստի նմանատիպ բառարանների հրատարակումը մեծ նշանակություն կարող է ունենալ այդ գործում:

«Հայերենի և պարսկերենի ընդհանրությունները շատ ավելի են, քան կարող ենք կարծել: Դա ակնհայտ է հատկապես այն ժամանակ, երբ խոսում ենք հին պարսկերենի մասին: Հին պարսկերեն բառեր, տեղանուններ, անձնանուններ ժամանակակից պարսկերենում մոռացվել են: Լեզվաբաններն դրանք վերծանելու համար դիմում են հայերենի օգնությանը, քանի որ հայերենում դրանք պահպանված են»,-շեշտեց Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային:

Տիգրան Դավուդյան-Դավթյանն էլ խոստովանեց, որ բառարանը կազմելիս անընդհատ բացահայտումներ է արել: «Մենք ունենք բառեր, որոնք մեզ են փոխանցվել տարբեր ժամանակաշրջաններում, բառեր, որոնք վերջին 2300 տարվա ընթացքում միասնաբար օգտագործել ենք: Նախատեսում եմ այդ բառերն առանձին գրքով հրատարակել: Նման բառերից են օրինակ հայերեն դուստրը, որը պարսկերենում դոխթար է: Այն հնդեվրոպական արմատ ունի: Այդ բառերից է հայերեն բժիշկը, որը պարսկերենում փեզեշկ է»,-նշեց նա ու հավելեց, որ բառարանի ստեղծման վրա աշխատել է շուրջտասը տարի, օգտվել է Իրանի և Հայաստանի լավագույն լեզվաբանների աշխատություններից:

Պարսկերեն-հայերեն բառարանը նախատեսված է իրանագետների, թարգմանիչների, ուսանողների, լրագրողների, գործարարների և ընթերցողների լայն շրջանակների համար: Գրքի խմբագիրը Թովմա Գալստանեանն է:

Հայերեն

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը

Պետք է «Կրայովա»-ի ֆուտբոլիստներից արագ մտածենք. Մանուել Տուլիպան` Եվրոպա լիգայի պատմական խաղի մասին

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում

Գիտնականները հայտնել են, թե աղետների դեպքում որ երկիրն է ամենաապահովը