Մարզային

Հիմնանորոգվում է Ախպրաձորի միջնակարգ դպրոցի շենքը 

2 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Ախպրաձորի միջնակարգ դպրոցի շենքը 

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Արդեն մեկ ամիս է, ինչ կապիտալ նորոգման է ենթարկվում Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր համայնքի դպրոցական շենքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ախպրաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Գինեվարդ Ղուկասյանը, հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են «ԱՄՆ հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության ֆինանսական միջոցներով։ «Կապիտալ նորոգման է ենթարկվում ողջ շենքը՝ նկուղային հարկից սկսած եւ ձեղնահարկով վերջացրած՝ շենքի ներքին ու արտաքին հարդարմամբ։ Կառուցվում է ջեռուցման նոր համակարգ, ինչի արդյունքում արդեն փայտե վառարաններով ջեռուցելու կարգից նոր ուսումնական տարում անցնելու ենք էլեկտրաէներգիայով ջեռուցելու կարգին։ Փոխվում են բոլոր դռներն ու լուսամուտները եվրադռներով ու եվրապատուհաններով, կառուցվում է նոր ձեղնահարկ, ներսում նորոգվող մակերեսը կազմում է շուրջ 2 500 քառակուսի մետր։ Դպրոցն ունենում է մշտական ջրամատակարարում, ներսում գործող սանհանգույց, կառուցվում է սեպտիկ հոր։ Շինարարական աշխատանքները կավարտվեն մեկ ամսից, ինչից հետո կսկսվի դպրոցի կահավորման գործընթացը։ Գույքը տրամադրվելու է նույն «ԱՄՆ հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության միջոցների հաշվին։ Համայնքի բնակչությունը երկար է սպասել այս կենսական ծրագրի իրականացմանը, որը հնարավոր դարձավ նաեւ սփյուռքահայ այն ուսանողների ջանքերով, ովքեր վերջին տարիներին ամառային ճամբար էին հիմնում ախպրաձորցի դպրոցականների համար եւ շատ էին ցանկանում, որ Ախպրաձորն ունենա արդի չափորոշիչներին համապատասխան դպրոցական շենք։ Մեր դպրոցն այժմ ունի 54 աշակերտ, որոնցից 6-ն ավարտում են այս տարի, փոխարենը սեպտեմբերին ընդունելու ենք տասն առաջին դասարանցիների։ Այլ խոսքով՝ աշակերտների թվի աճ էլ ունենք։ Մեզ մնում է հավատով լցվել ապագայի հանդեպ ու ավելի ոգեւորված շարունակել մեր ջանադիր աշխատանքը բարձրադիր ու արդեն սահմանապահ մեր գյուղում»,- ներկայացրեց դպրոցի տնօրենը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում