Տոկիո-2020. Մենք նորից աշխարհին կապացուցենք, որ կանք, ուժեղ ենք և պիտի լինենք. Արթուր Ալեքսանյան

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախ հանրապետությունն ունի միայն երկու օլիմպիական չեմպիոն, երկուսն էլ ըմբիշ են, երկուսն էլ՝ հունահռոմեական ոճի: Առաջինը Արմեն Նազարյանն է, որն այժմ մարզում է Բուլղարիայի ըմբշամարտի հավաքականը, իսկ երկրորդը՝ գյումրեցի Արթուր Ալեքսանյանը: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը Արթուր Ալեքսանյանն է: Նրա մասին շատ բան ասելու կարիք չկա, Արթուրը Եվրոպայի 5-ակի, աշխարհի եռակի չեմպիոն է, հաղթել է Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Ասել, որ Ալեքսանյանը Հայաստանի օլիմպիական թիմի մեդալի հիմնական հավակնորդներից մեկն է, կնշանակի ոչինչ չասել:

-Լեգենդար մարզիկներն ասում են` օլիմպիական չեմպիոն դառնալը դժվար է, առավել դժվար է տիտղոսը պահելը: Կիսո՞ւմ եք այս կարծիքը:

-Կարծում եմ, դժվար է Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալը: Բայց կարծում եմ նաև, որ տիտղոսը պահելն էլ է դժվար: Ամեն դեպքում երկուսն էլ շատ դժվար են: Անցած Օլիմպիական խաղերի ավարտից հետո, մինչ այս խաղերը և այն մեկ տարին, որ Խաղերը հետաձգվեցին, չի եղել մի օր, որ ամբողջ էությամբ չնվիրվեմ երկրորդ օլիմպիական ոսկին շահելու նպատակին:

-Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով: Ի՞նչ անդրադարձ ունեցավ այն ձեզ վրա:

-Ավելի լավ կլիներ, որ Խաղերն անցկացվեին որոշված տարում՝ 2020 թվականին: Սակայն, ինչ արած, եղավ այն, ինչ եղավ: Այս մեկ տարի հետաձգումը բոլոր մարզիկների համար է, և բոլորս էլ նույն պայմաններում ենք: Հուսամ, ամեն ինչ լավ է լինելու: Ինձ մոտ ոչինչ չի փոխվել` նույն նպատակներով եմ մոտենում և նախապատրաստվում Խաղերին:

-Արթուր, մեր երկիրը դժվարին ժամանակներ է ապրում: Նախ կովիդն էր, հետո՝ պատերազմը: Արդյոք սա ազդե՞լ է ձեր մոտիվացիայի վրա:

-Այս ամենը ոչ միայն ինձ վրա է ազդեցություն ունեցել, այլև ամբողջ թիմի: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ էլ ազդված է եղածից, պատերազմից: Բայց մյուս կողմից, պատերազմը, և այն, ինչ եղավ, մեզ ավելի շատ ուժ է տալիս,և մենք նորից աշխարհին կապացուցենք, որ կանք, ուժեղ ենք և պիտի լինենք: Աշխարհին ցույց կտանք ու մեր դրոշը նորից բարձր կպահենք:

-Նախորդ` Ռիոյի Օլիմպիական խաղերում, բոլորը տպավորված էին նաև օլիմպիական ոսկին ստանալիս ձեր շապիկի վրա առկա Ռոբերտ Աբաջյանի լուսանկարով…Մտածո՞ւմ եք ինչ-որ կերպ կրկնելու մասին:

-Անկեղծ ասած՝ մտածել եմ նման բանի մասին, բայց այն Խաղերից հետո ադրբեջանցիները բողոքարկել էին, և մեծ խնդիրներ եղան դրա հետ կապված: Բայց նաև զգուշացում ունեմ այլևս նման բան չանելու: Եթե զգուշացումը չլիներ, գուցե նորից մտածեի հաղթելու դեպքում նման բան անելու մասին, բայց տեսնենք այս անգամ ինչպես կլինի:

-Դուք Հայաստանի օլիմպիական հավաքականի հնաբնակներից եք: Արդյոք տարիների փորձը, մի քանի Օլիմպիական խաղերի մասնակցությունն օգնո՞ւմեն ձեզ հիմա առավել արագ կողմնորոշվել:

-Տոկիոյի Օլիմպիական խաղերն ինձ համար երրորդ են: Ասեմ, որ այլ կերպ եմ մոտենում Խաղերին, քան առաջին կամ երկրորդ անգամն էր: Լոնդոնի խաղերում լարվածությունը և հուզմունքը շատ էր: Բայց հիմա առավել սառնասիրտ եմ, այլ կերպ եմ պատկերացնում, ինչն ավելի օգտակար է:

-Հունահռոմեական ոճի ըմբիշների շարքում, որոնք մասնակցում են Տոկիոյի Խաղերին, դուք միակ մասնակիցն եք, որը ՕԽ-ի մասնակցության փորձ ունի: Օգնո՞ւմ եք մյուս մարզիկներին ձեր խորհուրդներով, որ չունենան այն լարվածությունը, ինչն ունեցել եք դուք:

-Շատ եմ խոսել նրանց հետ Օլիմպիական խաղերին մասնակցության մասին: Տեսնում եմ, որ այն, ինչ ես զգացել եմ առաջին անգամ մասնակցելիս, հիմա նրանք են զգում: Աշխատում եմ ունեցածս փորձը կիսել նրանց հետ: Ասում եմ, որ Օլիմպիական խաղերին պետք է նայել որպես մրցաշարի և չմտածել այլ բաների մասին: Երբ մտածում ես, որ Օլիմպիական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ, լարվածությունն ավելի է մեծանում, և չես կարողանում անել այն, ինչին ունակ ես:

-Արդյոք Օլիմպիական խաղերում մարզիկների հոգեբանական պատրաստվածությունն առավել մե՞ծ նշանակություն ունի:

-Օլիմպիական խաղերի պատմությունը ցույց է տալիս, որ Խաղերում հաղթում են նրանք, ովքեր հոգեբանորեն պատրաստ են: Շատ ըմբիշներ կան, որոնք հաղթել են աշխարհի, Եվրոպայի 2-3 առաջնություններում, բայց 1-2 Խաղերի մասնակցելով ոչ մի մեդալ չեն հաղթել: Օլիմպիական խաղերի ժամանակ, այն մարզիկները, որոնցից մեդալ և ոսկի են սպասում, հիմնականում ավելի վատ են հանդես գալիս:

-Իսկ դա ձեզ չի վերաբերում, չէ՞:

-Ինձ մոտ կարծես այդպես չէ, թեպետ Լոնդոնի Օլիմպիական խաղերում փորձի պակասն զգացնել էր տալիս:

-Ձեր քաշային կարգում դուք այն բացառիկ մարզիկներից եք, որոնք տիտղոսների պակաս չունեն: Ի՞նչ կարծիքի եք մրցակիցների մասին:

-Բոլոր ժամանակներում ունեցել եմ շատ ուժեղ հակառակորդներ: Հիմա էլ քիչ չեն: Ոչ մեկին չեմ թերագնահատում: Հիմա ըմբշամարտը հասել է այն մակարդակին, որ թույլ և շատ ուժեղ մրցակիցների չես կարող առանձնացնել: Հիմա շատ երկրներ, որոնք թույլ են եղել այս մարզաձևում, լավ մարզիչների միջոցով լավ հավաքականներ են ձևավորել: Զարգացում նկատվում է այն թիմերի մոտ, որոնք ժամանակին թույլ էին համարվում:

-Արթուր, 30 տարեկանին մոտ եք: Սպորտում տարիքն իրենն անում է: Մտածո՞ւմ եք, արդյոք, Օլիմպիական խաղերից հետո մեծ սպորտին հրաժեշտ տալու մասին:

-Դեռևս չեմ մտածել այդ մասին: Սակայն միշտ ցանկացել եմ մեծ սպորտին հրաժեշտ տալ հաղթանակած: Նայելով մյուս ըմբիշներին, որոնք հաղթանակներից հետո պարտություններ են ունեցել ու հետո թողել սպորտը, ինքս ուզել եմ հաղթանակով ավարտել: Գիտեմ, դժվար է լինելու, բայց հաղթանակով վերջացնելն է իմ ուզածը: Բայց Օլիմպիական խաղերից հետո հեռանալու մասին չեմ մտածել:

-Իսկ հնարավո՞ր է, որ ձեր ուժերը փորձեք UFC-ում:

-Ոչ, չեմ կարծում: Հիմա կենտրոնացած եմ ըմբշամարտի վրա: Կարող եմ ասել նաև, որ չեմ էլ ցանկանա ուժերս փորձել այնտեղ: Առանց սպորտի ինձ չեմ պատկերացնում:

-Կան ըմբիշներ, որոնք մեծ սպորտից հեռանալուց հետո անցնում են մարզչական աշխատանքի: Դուք ձեզ այդ դերում տեսնո՞ւմ եք:

-Ոչ, այդպիսի ցանկություն էլ չունեմ: Բայց ուզում եմ ամեն կերպ օգնել հայկական սպորտին՝ երիտասարդներին փոխանցելով իմ փորձը և գիտելիքները: Բայց դեռևս չգիտեմ, թե ինչ կարգավիճակով:

-Ձեր անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքները քիչ-քիչ թափ են հավաքում: Ի՞նչ սպասելիքներ ունեք:

- Հնարավո՞ր է, որ ինձ հաճախակի տեսնեք այնտեղ: Երբ կառուցումն ավարտվի, այն կլինի ոչ միայն ըմբշամարտի համար նախատեսված մարզադահլիճ, այլև մի մեծ մարզականմարզակառույց: Այն Գյումրի քաղաքին հիանալի նվեր կլինի, քանի որ մարզականքաղաք է:

-Արթուր, մի քանի բլից հարց. լե՞ռ, թե ծով:

-Ծով:

-Նարդի՞, թե շախմատ:

-Շախմատ:

-Սո՞ւրճ, թե թեյ:

-Թեյ:

-Տոլմա՞, թե խորոված:

-Տոլմա էլ, խորոված էլ (ծիծաղում է):

-Պիցցա՞, թե պաղպաղակ:

-Պաղպաղակ:

-Գի՞րք, թե ֆիլմ:

-Ֆիլմ:

-Թո՞մը, թե Ջերին:

-Ջերին:

-Շնորհակալ եմզրույցի համար, հուսով եմ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 59 օր:

Նախագծի հեղինակ՝Վարվառա Հայրապետյան

Լուսանկարները՝Հայկ Մանուկյանի

Կարդացեք նաև

Տոկիո-2020. Կարևորը մրցակցի ուժեղ կողմերը հաշվի առնելն է. Վազգեն Թևանյան

Տոկիո-2020. Մարմնամարզությունն այն մարզաձևն է, որտեղ դու ավելի շատ ինքդ քո դեմ ես պայքարում. Արթուր Դավթյան

Տոկիո-2020. Գորգում պետք է գործես պահի թելադրանքով. Արսեն Հարությունյան

Տոկիո-2020. Ռինգ պետք է մտնել այնպես, ինչպես քո տուն ես մտնում. Կորյուն Սողոմոնյան

Տոկիո-2020. Օլիմպիական խաղերում թույլ մարզիկներ չեն լինում. Արմեն Մելիքյան

Հայերեն English

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր

Փետրվարի 1-ից տրանսպորտում կլինեն հսկիչներ․ ի՞նչ գործառույթներ են իրականացնելու