Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Տոկիո-2020. Օլիմպիական խաղերում թույլ մարզիկներ չեն լինում. Արմեն Մելիքյան

Տոկիո-2020. Օլիմպիական խաղերում թույլ մարզիկներ չեն լինում. Արմեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն արդեն ամբողջական տեսք է ստացել Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: 32-րդ առամային Խաղերում Հայաստանը կներկայացնեն 4 ըմբիշ: Նրանցից մեկը 60 կգ քաշային Արմեն Մելիքյանն է

Մելիքյանը միայն վերջերս ձեռք բերեց Տոկիոյի խաղերի քվոտա` Սոֆիայում կայացած համաշխարհային վարկանիշային մրցաշարում: Նա ծնվել է 1996 թվականին Էջմիածին քաղաքում: 25-ամյա ըմբիշն առաջին անգամ կմասնակցի Խաղերին:  «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020»-ի այս շաբաթվա հերոսն Արմեն Մելիքյանն է: Նա մասնակցել է նաև Մինսկի երկրորդ Եվրոպական խաղերին, սակայն մեդալ չի նվաճել:



-Արմեն, պատմեք խնդրեմ, թե ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել ըմբշամարտով:

-Եղբայրս էր, որ ինձնից առաջ հետաքրքրված էր ըմբշամարտով: Նա էր, որ ինձնից առաջ մտել է ըմբշամարտի դահլիճ: 11 տարեկանից եմ սկսվել մարզվել առավել պրոֆեսիոնալ ձևով: 17 տարեկանում Եվրոպայի պատանիների չեմպիոնն էի: Սակայն մինչ այդ բազմաթիվ դժվար փուլերի միջով եմ անցել: Վնասվածք ունեի, որ շատ էր զգացնել տալիս, ինչպես նաև ընտանեկան դժվարություններ կային:

-Ձեր առաջին Օլիմպիական խաղերն են: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Նպատակս մեկն է` ոսկե մեդալի համար պայքարելը: Գիտեմ, հեշտ չի լինելու, քանի որ Օլիմպիական խաղերը ոչ Եվրոպայի առաջնություն են, ոչ էլ աշխարհի: Բայց այն կարծիքին եմ, որ ամեն ինչի համար պետք է պայքարենք և դա վերաբերում է նաև Օլիմպիական խաղերում օլիմպիական ոսկուն:

 

-Ի՞նչ կարծիք ունեք ձեր քաշային կարգում ֆավորիտ համարվող մարզիկների մասին:

-Բոլորն իրենց հերթին նախապատրաստվում են Օլիմպիական խաղերին, լուրջ մարզումներ անցկացնում: Այդ 16 ըմբիշներից և ոչ մեկ թույլ չէ: Ասում են, որ Օլիմպիական խաղերում թույլ մարզիկներ չեն լինում: Բոլորն էլ ունակ կլինեն պայքարելու այդ բաղձալի ոսկու համար: Միայն այդ պահին պետք է առավել լավ պայքարես` նրանցից ավելի լավը լինելու համար: Երկուսս էլ հավասար հնարավորություններով ենք գորգ մտնում:


-Ի՞նչ դեր ունի այդ պահին հոգեբանորեն պատրաստ լինելը:

-Այո, հոգեբանությունը կարևոր է, եթե ինքդ քեզ չես կարողանում գորգի վրա վերահսկես, տրամադրես, ապա մյուս բաներն իզուր են: Բայց նաև այն կարծիքին եմ, որ ամեն ինչի կարող ես հասցնել ինքդ քեզ:


-Արմեն, Հայաստանը դժվարին ժամանակներ է ապրում: Արդյոք այս հանգամանքը ձեզ կօգնի առավել շատ մոտիվացվել` երկրին հաղթանակ պարգևելու համար:

-Այո, հատկապես հիմա, հատկապես պատերազմից հետո, ավելի շատ ենք ուզում հաղթել: Հիմա մեզ հաղթանակներ շատ են պետք: Ուզում ենք հաղթել մեր զինվորների, մեր եղբայրների համար: Ես էլ մյուսների պես շատ ընկերներ-եղբայրներ եմ կորցրել այդ 44 օրերին: Հենց այդ հանգամանքն է ստիպում, որ ամեն կերպ առաջինը լինես: 


-Մի քանի բլից հարցեր: Լեռներ, թե ծով:

-Լեռներ:

-Թոմը, թե Ջերին:

- Ջերին:

- Գիրք, թե ֆիլմ:

-Ֆիլմ:

-Պիցցա, թե պաղպաղակ:

-Պիցցա:

-Սուրճ, թե թեյ:

-Թեյ:

-Դոլմա, թե խորոված:

-Դոլմա:

-Նարդի, թե շախմատ:

-Նարդի:

-Շնորհակալ եմ, զրույցի համար, հուսով եմ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:  


Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 66 օր:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]