Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Տոկիո-2020. Գորգում պետք է գործես պահի թելադրանքով. Արսեն Հարությունյան

Տոկիո-2020. Գորգում պետք է գործես պահի թելադրանքով. Արսեն Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենաերիտասարդ մարզիկներից մեկը ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանն է: Նա ճարպիկ երիտասարդ է, արագաշարժ` գորգում և սպորտում, հարգանքը մրցակցի նկատմամբ առաջնային համարող: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի շրջանակներում Հարությունյանի հետ հանդիպումը կայացավ նրա հարազատ օլիմպիական հերթափոխի քոլեջի ըմբշամարտի դահլիճում, որտեղ և նա կայացել է` որպես ըմբիշ: Արսեն Հարությունյանը ծնվել է 1999 թվականին: 2019 թվականին նա դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Սա նրա առաջին Օլիմպիական խաղերն են, թեպետ Արսենը նպատակ ունի մասնակցելու երեք Խաղերի: Մեր հանդիպման ընթացքում Արսենը և մեր լուսանկարիչն իրար այնքան լավ էին հասկանում, որ վերջում արդեն Արսենն էր լուսանկարում մեր ֆոտոթղթակցին:


-Արսեն, պատմեք խնդրեմ, թե երբ եք սկսել հետաքրքրվել ըմբշամարտով: 

-Ըմբշամարտով սկսել եմ զբաղվել 6 տարեկանից: Հայրս ինձ տարավ մարզումներին: Մինչև ըմբշամարտը մի կարճ ժամանակ գնացել եմ նաև կարատեի: Երբ առաջին անգամ հորս հետ դահլիճում էի, մարզումների կեսից արդեն ուզում էի մտնել և մարզվել նրանց հետ: Սկզբում մարզիչը չէր թողնում, բայց համառեցի և հենց առաջին օրվանից էլ մարզվում էի: Բայց միայն 2-3 տարի անց նոր գիտակցեցի, թե ըմբշամարտում ինչի հետևից եմ գնում: 

-Գիտեմ, որ ըմբշամարտը նաև ընտանեկան մարզաձև է…

-Այո, փոքր եղբայրներս ևս մարզվում են ըմբշամարտով: 10 տարեկան եղբայրս շատ ուժեղ է և ճարպիկ: Մյուս եղբայրս նաև իմ հակառակորդներից մեկն է, միշտ միասին ենք մարզվում: Նա ավելի հեռանկարային մարզիկ է:

 

-Կա արդյոք մի ըմբիշ, ում գոտեմարտերը օրինակելի են ձեզ համար:

-Հայկական ըմբշամարտում Արամ Մարգարյանն է, Մարտին Բերբերյանը: Նայում եմ նրանց գոտեմարտերը: 

-Դուք գորգ մտնելիս և գորգում չափից ավելի ակտիվ եք, շարժուն: Դա բնավորություն է, թե մարտավորություն:

-Բնավորության գիծ է: Սիրում եմ ակտիվությունն ու տանել չեմ կարողանում պասիվ մարդկանց, նրանց հետ ընկերություն անել չի ստացվում: Գիտեք, նույն ակտիվությունն ունի նաև 10 տարեկան փոքր եղբայրս: Կարծես չենք հոգնում գորգում:

-Մրցագորգ մտնելիս հաշվի եք առնում մրցակցի թույլ կողմերը, թե հիշում եք ձեր ուժեղ կողմերի մասին:

-Մինչև գորգը չեմ ուսումնասիրում մրցակիցներիս ու հենց գոտեմարտի ընթացքում եմ կողմնորոշվում: Հենց այդ ժամանակ է, որ հասկանում եմ, որ դիրքից ավելի հեշտ միավոր կարող եմ կորզել: Կարծում եմ, ուժեղ մարզիկներն են, որ կողմնորոշվում են գորգում` քիչ ջանք թափելով շատ միավոր վերցնել:

-Այդ դեպքում գոտեմարտի ընթացքում միտքն է կարևոր, թե ֆիզիկական ուժը:

-Գորգում մտածել պետք չէ, պահն ինչ թելադրում է, պետք է անես: Բացատրեմ, որ մեր ընթերցողները լավ հասկանան. ինչպես մեքենա վարելիս է, երբ մեքենան դիմացդ է դուրս գալիս ռեֆլեքսորեն եք, չէ, արգելակում, նույնն էլ այստեղ է: Մարզաձևում այնպես պետք է եփվես, որ առանց մտածելու գործես: Պարզապես մեզ պետք է, որ մրցակցից մի քայլ առաջ լինենք:

-Ինչ կասեք առաջիկա մրցակիցների մասին: 

-Այս Օլիմպիական խաղերում մեր քաշային կարգում լինելու ենք 16 ըմբիշ: Նրանցից մեկը ես եմ լինելու, բայց ոչ ես եմ առավել լինելու նրանցից, ոչ էլ նրանք` ինձնից:  Շատ եմ կարևորում մարզաձևում մարդ մնալու մղումը: Սպորտային կյանքը կարճ է` հարկավոր է այնպես ապրել, որ հետո էլ սիրված մնաս:

-Ե՞րբ լսում եք Տոկիո-2020 բառերը, ինչ է ձեր մտքին առաջինը գալիս:

-2016 թվականն էր: Մեր օլիմպիական թիմը վերադարձել էր Ռիոյից, և մարզիկների համար հատուկ ընդունելություն էր մարզաշխարհի այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Մեծ էկրանին ցուցադրվում էին խաղերից դրվագներ: Շատ հստակ հիշում եմ իմ անձնական մարզիկը` Արշակ Հայրապետյանը, մեզ մոտ կանգնած էր, նայեց մեզ, ասաց. «Նայեք նրանց, դուք կարող եք նրանց փոխարեն լինել 2020 թվականին»:

 

-Իրատեսորեն` հնարավոր համարում եք մեդալների համար պայքարը:

-Գիտեք, բոլորն այլ կերպ են նկարագրում խաղերը, բայց ինձ համար այն նույն մրցաշարերի շարքում է, ինչպես աշխարհի և Եվրոպայի առաջնությունն է: Շատ հանգիստ եմ: 

-Ինչ երեք բառով կբնութագրեք Օլիմպիական խաղերը:

-Բարդ հարց եք տալիս, նպատակ է, պայքար:

-Մարզիկները, որոնք վաղ շրջանում են մեծ հաջողությունների հասնում, ինչ-որ պահի կտրվում են իրականությունից, պոկվում են գետնից: Կամ ինչպես ասում են, տառապում են «աստղային հիվանդությամբ»: Նման խնդրի չեք բախվել դուք:

-Ամեն պահի մտածում եմ, որ ոչինչ չպետք է ինձ փոխի: Նորից ու նորից` սպորտային կայնքը կարճ է, պետք է մարդկային արժեքներ ունենալ: Աստիճանները բարձրանալիս պետք է բոլորին բարևենք, որ հետ իջնելիս իրենք մեզ բարևեն:

-Պատերազմի օրերին դուք մեկնեցիք առաջնագիծ, ինչու և ինչպես ստացվեց:

-Հայ եմ և կարծում եմ, որ ամեն հայ մարդու պարտք էր օգտակար լինել այդ դժվարին օրերին: Մեզ համախմբվածություն է պետք: Չէի հասկանում նրանց, ովքեր այդ օրերին հանգիստ տանը նստած մնացին: Երբ այնտեղ էի, զինվորներն ասում էին, որ հետ գամ, որ գորգում մեր ուժը ապացուցեմ: Պատերազմի դասերից էր այն, որ պետք է ավելի ճիշտ գնահատենք այս կյանքը: Մենք պետք է այնպես ապրենք, որ բարձր պահենք ընկած տղաների անունը:

 

-Եթե ոչ ըմբշամարտը, ապա ինչ:

-Բիզնես (ծիծաղում է):

-Եվ մի քանի բլից հարցեր. Թոմը, թե Ջերին:

-Ջերին:

-Գիրք, թե ֆիլմ:

-Ֆիլմ:

-Պիցցա, թե պաղպաղակ:

-Պաղպաղակ:

-Սուրճ, թե թեյ:

-Թեյ:

-Դոլմա, թե խորոված:

-Դոլմա:

-Նարդի, թե շախմատ:

-Նարդի:

- Շնորհակալ եմ, զրույցի համար, հուսով եմ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 80 օր


Նախագծի հեղինակ Վարվառա Հայրապետյան 

Լուսանկարները Հայկ Մանուկյանի  

Կարդացեք նաև

Տոկիո-2020. Կարևորը մրցակցի ուժեղ կողմերը հաշվի առնելն է. Վազգեն Թևանյան

Տոկիո-2020. Մարմնամարզությունն այն մարզաձևն է, որտեղ դու ավելի շատ ինքդ քո դեմ ես պայքարում. Արթուր Դավթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]