Վահագն Ստամբոլցյանի հոբելյանի առթիվ Երևանում երգեհոնային երաժշտության երեկո կկազմակերպվի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայ Առաքելական եկեղեցու «Սբ. Մեսրոպ Մաշտոց-Սահակ Պարթև» շքանշանակիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակի առթիվ մայիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգեհոնային երաժշտության երեկո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կհնչեն Գ. Ֆ. Հենդելի վեց կոնցերտները երգեհոնի համար, op 4:
Վահագն Ստամբոլցյանը մեծապես նպաստել է Հայաստանում երգեհոնային արվեստի տարածմանը։ Նվագացանկն ընդգրկում էր մինչդասական շրջանի, Բախի, Հենդելի, Քրիստափոր Քուշնարյանի, Հարո Ստեփանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլոց երկերը։ Ստամբոլցյանն առաջին անգամ երգեհոնով հնչեցրել է Ներսես Շնորհալու, Խաչատուր Տարոնացու, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու շարականները (Կոմիտասի ու Եկմալյանի մշակմամբ և սեփական փոխադրությամբ)։ Կատարումն աչքի է ընկել գունեղ հնչողությամբ, ոճական ճշգրիտ մեկնաբանմամբ։ Համերգներով հանդես է եկել նաև ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում և արտասահմանում։
Առաջին անգամ 1965 թվականի ապրիլի 24-25-ին Խորհրդային Հայաստանում Վահագն Ստամբոլցյանը Լուսինե Զաքարյանի մասնակցությամբ հոգևոր երաժշտության համերգային ծրագրով նշել է Հայոց ցեղասպանության տարելիցը։ Վահագն Ստամբոլցյանի շնորհիվ հայ հոգևոր երգը տեղ է գտել բազմաթիվ եվրոպական երգեհոնահարների ծրագրային կատարումների ցանկում։