Արմեն Սարգսյանն այցելել է Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի տուն, հանդիպել նրա այրու՝ Հասմիկ Սահակյանի, որդու՝ Հայկ Տեր-Թադևոսյանի և ընտանիքի մյուս անդամների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպումը նախաձեռնվել էր լեգենդար ռազմական գործչի ընտանիքի կողմից: Օրերս Հայկ Տեր-Թադևոսյանը հանդիպել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ և հայտնել Արկադի Տեր-Թադևոսյանի տուն-թանգարան հիմնելու գաղափարի մասին, միաժամանակ, իրենց տուն հրավիրելով նախագահ Սարգսյանին: Նախագահ Սարգսյանը հավանություն էր տվել տուն-թանգարանի գաղափարին և պատրաստակամություն հայտնել աջակցելու դրա իրականացմանը:

Հանրապետության նախագահը Կոմանդոսի ընտանիքի անդամների հետ քննարկել է տուն-թանգարան հիմնելու առաջարկը, զրուցել Արցախյան պատերազմի հերոսի անցած ուղու մասին, ծանոթացել նրա կյանքի՝ շատերի համար դեռևս անհայտ առանձին դրվագների հետ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ինքն ինչ-որ իմաստով Արկադի Տեր-Թադևոսյանի ապագա տուն-թանգարանի առաջին այցելուն է:«Հույս ունեմ, որ տուն-թանգարանի գաղափարը կյանքի կկոչվի հնարավորինս շուտ և Կոմանդոսի մարտական ընկերները կգան այստեղ՝ հուշեր պատմելու, սիրելի հրամանատարի հետ նորից շփվելու, միաժամանակ, իրենց անցած ճանապարհի, իրենց հաղթանակների պատմությունները նաև ուրիշներին ներկայացնելու համար»,- նշել է նախագահ Սարգսյանը: Նրա խոսքով՝ թանգարանի հիմնումը մեծ նվեր կլինի մեր բոլոր հայրենակիցներին, որովհետև Արցախի հերոսի կյանքի պատմությունը հայրենիքին նվիրվելու, հայրենիքն անմնացորդ սիրելու փայլուն դաս է:

«Ես մի քանի ամիս առաջ երկար զրույց եմ ունեցել Արկադի Տեր-Թադևոսյանի հետ, ով հանդիպման էր եկել որոշ գործընկերների հետ՝ անհանգստացած լինելով երկրի ներքին ու արտաքին քաղաքական, ռազմաքաղաքական վիճակով, կրթության ու տնտեսության զարգացման հարցերով: Երկար խոսեցինք, և հերթական անգամ ինձ համար պարզ դարձավ, որ նա ոչ միայն հերոս է, լեգենդար հրամանատար, այլև նախ և առաջ ազնիվ, խորը մտավորական և լավ մարդ, պարզ մարդ, ով ապրելով հերոսական կյանք, մնացել է նույնքան պարզ, դրական եռանդով լցված: Մեծ մարդ էր Արկադի Տեր-Թադևոսյանը»,- նշել է Հանրապետության նախագահը:

Հայկ Տեր-Թադևոսյանը հայտնել է, որ Կոմանդոսի տուն-թանգարանում ցուցադրվելու են հերոսի անձնական իրերը, մարտական ուղու հետ կապված փաստաթղթեր, քարտեզներ և այլ իրեր:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ