Մշակույթ

Նվագախմբի և երգչախմբերի կատարմամբ Երևանում կհնչի Գաբրիել Ֆորեի «Ռեքվիեմը» 

2 րոպեի ընթերցում

Նվագախմբի և երգչախմբերի կատարմամբ Երևանում կհնչի Գաբրիել Ֆորեի «Ռեքվիեմը» 

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) մայիսի 15-ին Կամերային երաժշտության տանը կներկայացնեն ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար, դաշնակահար, խմբավար և մանկավարժ Գաբրիել Ֆորեի «Ռեքվիեմը»: Կհնչեն նաև Մոցարտի գործերից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյի մենակատարներն են սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո սոպրանո Սուսաննա Աբրահամյանը, տենոր Ռազմիկ Բաղդասարյանը, բաս Արմեն Գրիգորյանը, բարիտոն Գուրգեն Բավեյանը:

Գաբրիել Ֆորեն ստեղծագործել է իր ժամանակին տարածված գրեթե բոլոր երաժշտական ժանրերով։ Նրա գլուխգործոցն է համարվում մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար գրված «Ռեքվիեմը», որն ունեցել է երեք հեղինակային խմբագրում՝ 1888, 1893 և 1900 թվականներին։ Երգչախմբի համար գրված ուշագրավ գործերից է նաև «Մադրիգալը»՝ ըստ Արման Սիլվեստրի բանաստեղծությունների։ Նվագախմբային առավել հաջողված ստեղծագործություններից է «Պելեասն ու Մելիսանդան» սյուիտը։ Ֆորեի միակ սիմֆոնիայի ձեռագիրը կորսվել է, և հետագայում հեղինակը դրա պատառիկներն օգտագործել է ջութակի երկրորդ և թավջութակի առաջին սոնատներում: Ֆորեն գրել է նաև երկու օպերա՝ «Պրոմեթևս» (երեք գործողությամբ, 1900 թ.) և «Պենելոպե» (երեք գործողությամբ, 1913 թ.)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում