Եվրոպա լիգայի եզրափակիչը կանցկացվի երկրպագուների մասնակցությամբ
1 րոպեի ընթերցում
![Եվրոպա լիգայի եզրափակիչը կանցկացվի երկրպագուների մասնակցությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1051164.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպա լիգայի 2020/21 թվականի եզրափակիչ հանդիպմանը ներկա կլինեն երկրպագուները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին պաշտոնապես հայտնել է ՈՒԵՖԱ-ն: Լեհական Գդանսկ քաղաքում կայանալիք եզրափակիչ խաղին տրիբունաներում խաղին կհետևեն մոտ 9500 երկրպագուներ, որոնք կզբաղեցնեն հյուրընկալող մարզադաշտի նստատեղերի 20 տոկոսը: Լեհաստանի իշխանությունները ևս համաձայնել են խաղն անցկացնել ֆուտբոլասերների ներկայությամբ:
Եվրոպա լիգայի եզրափակիչի տոմսերը կարելի է ձեռք բերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից կամ հավելվածի միջոցով: Տոմսերի առավելագույն արժեքը 130 եվրո է:
Եզրափակիչը կկայանա մայիսի 26-ին: Կիսաեզրափակիչ են դուրս եկել և հաջորդ փուլի ուղեգրի համար պայքարում են հետևյալ զույգերը` «Արսենալ»-«Վիլիառեալ», «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռոմա»: Այս խաղերը կկայանան մայիսի 6-ին։