Միխայիլ Գալուստյանի համոզմամբ՝ Հայաստանում ապրիլի 24-ի նշանակությունը ժամանակի ընթացքում չի նվազում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան և շոումեն Միխայիլ Գալուստյանի համոզմամբ՝ ապրիլի 24-ի նշանակությունը Հայաստանում ժամանակի ընթացքում չի թուլանում, ինչը պայմանավորված է միջազգային հանրության արշավով, որը միտված է ստիպել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանոթւյունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գալուստյանը գրել է «Ինստագրամի» իր պաշտոնական էջում՝ հրապարակելով անմոռուկի լուսանկարը:
Դերասանը հիշեցրել է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաքում՝ Ստամբուլում ձերբակալվել, իսկ ավելի ուշ սպանվել է հայ ինտիլիգենցիայի ավելի քան 800 ներկայացուցիչ:
«Այդպես հայ ժողովուրդը, որի մեծ մասն այդ ժամանակ ապրում էր Արևմտյան Հայաստանում, զրկվեց ինտելեկտուալ էլիտայի մեծ մասից: Դրան հաջորդեց էթնիկ հայերի սպանության և տեղահանման գործընթացը, որը ստացավ «Հայոց ցեղասպանություն» անվանումը: Ավանդույթի համաձայն՝ այս օրը միլիոնավոր հայեր և նրանց աջակցող այլ ազգերի ներկայացուցիչներ տարբեր երկրներում հարգանքի տուրք են մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին, ցեղասպանություն, որը 1,5 մլն հայի կյանք խլեց: Ամեն տարի այս օրը հարյուր հազարավոր մարդիկ Երևանում այցելում են Հայոց ցեղասանության հուշահամալիր և մեխակներ, կակաչներ են խոնարհում անմար կրակի մոտ»,- նշել է Գալուստյանը:
View this post on Instagram
Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: