ՖԻՖԱ-ի նախագահը խոսել է Սուպերլիգայի ստեղծման մասին
2 րոպեի ընթերցում
![ՖԻՖԱ-ի նախագահը խոսել է Սուպերլիգայի ստեղծման մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1049610.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն կտրուկ հայտարարություն է արել Սուպերլիգայի ստեղծման մասին:
«Ես երկար և ջանասեր աշխատանք եմ տարել եվրոպական ֆուտբոլի արժեքների պահպման համար: Սակայն հիմա տեսնում ենք, որ ոմանք դրանք դուրս են նետում` կարճաժամկետ եկամտաբերության համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ի նախագահiի խոսքերը փոխանցում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլային եվրոպական 12 ակումբներ համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ: Սուպերլիգան իրենից կներկայացնի 20 թիմերից կազմված մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը: Հիմնադիրները «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» թիմերն են: Սուպերլիգայի նախաձեռնողներն են Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին և «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Գլեյզեր եղբայրները: Մասնակից ակումբները նախնական կստանան 89-310 միլիոն եվրո: