Սպորտ

Հայաստանը ներկայացնող ծանրորդները հաղթանակները նվիրում են Արցախում զոհված հերոսների հիշատակին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող ծանրորդները հաղթանակները նվիրում են Արցախում զոհված հերոսների հիշատակին

ԳՅՈՒՄՐԻ, 12 ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիկները իրենց հաղթանակները նվիրում են Արցախում զոհված հերոսների հիշատակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեցին ծանրորդները լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը անկեղծանում է՝ հաղթանակի զգացողությունն աննկարագրելի է՝ հակառակորդ երկրին ստիպել են լսել Հայաստանի հիմնը: «Մինչ այս իմ բոլոր հաղթանակները նվիրում էի ազգականիս՝ Յուրի Վարդանյանին, ում տեխնիկան երբեմն օգտագործում եմ, այս անգամ, միանշանակ, նվիրում եմ մեր երկրի սահմանները իրենց կյանքի գնով պահած տղաների հիշատակին: Հենց այդ մտքով էի մրցահարթակ բարձրացել»,-նշեց Սամվել Գասպարյանը:

Գոռ Մինասյանն էլ խոստացավ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում հաղթելու է վրացի ծանրորդին: «Օրերից մի օր կստացվի հաղթել: Ամեն մի մրցույթից հետո նոր կիլոգրամներ, անձնական արդյունքների գերազանցում, աստիճանաբար կրճատում ենք տարբերությունը և օրերից մի օր կգա այն պահը, որ կհասնենք ու կանցնենք»,-նշեց Գոռ Մինասյանը:

Գերծանր քաշայինների պայքարում Գոռ Մինասյանը երկամարտի 464 կգ արդյունքով երկրորդն էր՝ հետ մնալով միայն Լաշա Տալախաձեից:

Ծանրորդներն ընդհանուր առմամբ 5 ոսկե, 9 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում։

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում