Գարեգին Բ-ն հույս է հայտնել՝ Ադրբեջանի ագրեսիան կարժանանա Եվրախորհրդարանի պատշաճ արձագանքին
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիին և պատգամավորի գործընկեր Ժիսլեն Ֆրնաքվիլին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ: «Արմենպրես»
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց հյուրերին, որոնք հայ ժողովրդի համար նվիրական՝ Սուրբ Հարության տոնի այս օրը գտնվում են Հայաստանում: Հանդիպման առթիվ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին և բարեկամ ժողովրդին բոլոր ժամանակներում ծանր և դժվարին օրերին Հայաստանին օժանդակելու և զորակցելու համար։ Հայոց Հայրապետը հույս հայտնեց նաև, որ բարեկամ երկրների զորակցությունը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և արդարության վերականգնմանը:
Այնուհետև տիար Ֆրանսուա-Քսավիե Բելամին շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը զատկական բարեմաղթանքների և օրհնության համար՝ ընդգծելով, որ ինքն առաջին անգամ է այցելում Հայաստան և մեծ պատիվ է համարում լինել հինավուրց քրիստոնեական երկրում, որի ժողովուրդը հարության հաղթական արժեքների կրող է:
Եվրախորհրդարանի պատգամավորն անդրադարձավ այցի նպատակներին՝ ծանոթանալ հետպատերազմյան իրավիճակին, առկա խնդիրներին, մասնավորապես Արցախի հայկական հոգևոր-մշակութային արժեքների պահպանության հարցերին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հանգամանորեն ներկայացնելով արցախյան երկրորդ պատերազմի պատճառած վնասները և առկա մարտահրավերները, հույս հայտնեց, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրանից բխող մնացյալ երևույթները կարժանանան միջազգային հանրության և Եվրախորհրդարանի պատշաճ արձագանքին։
«Վեհափառ Հայրապետը նշեց, որ սուրբ Հարության տոնին աղոթք է բարձրացրել աշխարհում խաղաղության հաստատման համար, մեր երկրի և մեր ժողովրդի համար, որպեսզի այս ծանր վիճակից կարողանա դուրս գալ՝ հարության խորհուրդը աչքերի առջև ունենալով, ապավինելով Աստծուն, նախնյաց հավատքին, որ դարեր շարունակ մեզ դուրս է բերել բոլոր դժվարին իրավիճակներից և օրհնությունն ու ողորմությունն ավելացրել հայոց կյանքում»,-ասված է հաղորդագրությունում: