Մշակույթ

Մոցարտի սիրված գործերի կատարմամբ Երևանում նշվեց կոմպոզիտորի 265-ամյակը

5 րոպեի ընթերցում

Մոցարտի սիրված գործերի կատարմամբ Երևանում նշվեց կոմպոզիտորի 265-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը և «Armenian» լարային քառյակը Մոցարտի ծննդյան 265-ամյակի առթիվ հանդես եկան համատեղ համերգային ծրագրով, որի շրջանակում կատարեցին կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները:

Երեկոն տեղի ունեցավ մարտի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում քառյակի ջութակահար Աստղիկ Վարդանյանն ասում է, որ Մոցարտը մեծ դերակատարություն ունի յուրաքանչյուր դասական երաժշտի կյանքում: «Բախ, Մոցարտ, Բեթհովեն: Նրանք դասական երաժշտության կարևոր հիմնաքարերն են: Ե՛վ կվարտետային, և՛ կամերային երաժշտության մեջ Մոցարտը մեծ դեր ունի: Ես բախտ եմ ունեցել Լոնդոնում սովորել ջութակահար, դիրիժոր, «Չիլինգիրյան լարային քառյակի» հիմնադիր, Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայի պրոֆեսոր Լևոն Չիլինգարյանի մոտ, որն աշխարհում Մոցարտի ստեղծագործությունների լավագույն կատարողներից է: «Ամադեուս» ֆիլմում հենց նրա կատարումներն են հնչում: Հավանաբար դա է պատճառը, որ ինձ համար Մոցարտը իրապես յուրահատուկ է»,-նշում է ջութակահարը:

Ըստ Վարդանյանի՝ Սվետլանա Նավասարդյանը ևս Մոցարտի գործերի փայլուն կատարող է: «Առաջին անգամ ենք համագործակցում նրա հետ: Շատ հետաքրքիր և բացառիկ ապրումներ ենք ունեցել անգամ փորձերի ընթացքում: Ամեն փորձ մեզ համար բացահայտում էր. միշտ նորովի ենք ընկալում Մոցարտին: Սվետլանա Նավասարդյանն ասում է, որ պետք չէ ամեն ինչ պայմանավորվել, ամեն բան մինչև վերջ բացահայտել: Նավասարդյանի կարծիքով՝ Մոցարտը պետք է միշտ թարմ լինի. ասես առաջին անգամ ես ընթերցում: Գրավիչ է Մոցարտի գործերի թարմությունը, մանկականությունը և միևնույն ժամանակ խորությունն ու անակնկալի զգացողությունը»,-շեշտում է երաժիշտը:

Աստղիկ Վարդանյանի խոսքով՝ երաժշտությունն անսահման է, բայց քառյակի համար գրված են աշխարհի լավագույն ստեղծագործությունները կամերային ժանրում: «Գրեթե յուրաքանչյուր կոմպոզիտոր իր կյանքի հասուն շրջանը նվիրում է կամերային ժանրում որևէ գոհար ստեղծելուն: Եթե նվագում ես կամերային երաժշտություն, առնչվում ես լավագույն ստեղծագործություններին: Մոցարտը, Հայդնը ստեղծագործել են թագավորների համար: Կամերային երաժշտությունը եղել է փոքրիկ սենյակում թագավորական հաճույք: Պատահել է՝ Մոցարտը քառյակում նվագել է երկրորդ ջութակ կամ ալտ, իսկ թագավորը՝ թավջութակ»,-պատմում է նա:

Վարդանյանը վստահեցնում է՝ ինչքան Հայաստանում շատ լինեն կամերային համերգները, այնքան մարդիկ շատ կհաղորդակցվեն դասական արվեստին և կզարգանան:

Երեկոյին հնչեցին Սոնատ ջութակի և դաշնամուրի համար դո մաժոր, Դաշնամուրային տրիո դո մաժոր, Դաշնամուրային կվարտետ սոլ մինոր, Դաշնամուրային կվարտետ մի բեմոլ մաժոր ստեղծագործությունները:

‹‹Armenian›› լարային քառյակի կազմում հանդես են գալիս Աստղիկ Վարդանյանը (ջութակ), Ռազմիկ Հովհաննիսյանը (ջութակ), Վահագն Եղիշյանը (ալտ) և Հակոբ Աթյանը (թավջութակ): Երիտասարդ երաժիշտները2018 թվականից միավորվել են քառյակի կազմում՝ նպատակ ունենալով ակտիվ գործունեություն ծավալել կամերային երաժշտության ասպարեզում: Քառյակի առաջին ելույթը տեղիէ ունեցել բարեգործական համերգաշարով`‹‹Լույս հայի աչքերին›› խորագրի ներքո՝ ի աջակցություն ‹‹Հայկական ակնաբուժության ծրագիր›› բարեգործական հիմնադրամի: Քառյակը հանդես է եկել ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Դիլիջանում: Կոմիտասի 150-ամյակին ելույթ է ունեցել Սիդնեյի հեղինակավոր համերգասրահներից մեկում, Մելբուռնի հայկական եկեղեցում: Սեպտեմբերին մասնակցելու են Փարիզում կայանալիք փառատոնի:

Սվետլանա Նավասարդյանը համերգային ծրագրերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնակցել Փարիզի, Գրանադայի, Էխտեռնախի (Լյուքսեմբուրգ), Վենետիկի միջազգային փառատններին, եղել միջազգային մրցույթների ժյուրիի անդամ: Նվագացանկն ընդգրկում է Յո. Ս. Բախի, Լ. Բեթհովենի, Ռ. Շումանի, Պ. Հինդեմիթի, Դ. Շոստակովիչի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Գ. Հովունցի, Տ. Մանսուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նրա կատարումներն աչքի են ընկնում ուրույն մեկնաբանությամբ, մասշտաբայնությամբ, դրամատիկ հագեցվածությամբ: 1977 թվականին երաժիշտն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 1984-ին` ժողովրդական արտիստի կոչման, 1988-ին` ՀՀ պետական մրցանակի: 2003 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2010-ին՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2016-ին՝ ՀՀ Պատվո շքանշաններով:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում