«Այս կյանքում այսքանը…». անցկացվեց պատերազմում զոհված Գագիկ Խաչատուրյանի հիշատակին նվիրված համերգ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնի ուսանող, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գագիկ Խաչատուրյանի հարազատները, ընկերները, դասախոսներն ու մտերիմները նրա հիշատակը հարգեցին Գագիկին նվիրված համերգային ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Այս կյանքում այսքանը…» խորագրով երեկոն տեղի ունեցավ մարտի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Համերգին ելույթ ունեցան Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանի շրջանավարտները, Գագիկի ընկերները։ Հնչեցին հայ և արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Գագիկի մտերիմ ընկեր Տիգրան Քախվեջյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Գագիկի հետ ծանոթացել է 2013 թվականին «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի շրջանակում: «Նա ընկերասեր էր, անմիջական, միշտ ցանկանում էի ինչ-որ լավ բան անել մարդկանց համար, օգնել, նվիրված էր: Նա շատ մեծ միջավայր ուներ. մտերիմ էր ինչպես երգիչների, երաժիշտների, այնպես էլ նկարիչների և այլ մասնագիտություն ունեցող անձանց հետ»,-պատմում է Տիգրանը:

Նրա խոսքով՝ Գագիկը շատ էր ցանկանում մեծ երաժիշտ դառնալ: Այդ նպատակով Գագիկը մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների, նախագծերի, բայց մեծ հաջողությունների չի հասել, այնինչ կոնսերվատորիայի օպերային ստուդիայում նկատվել է, սիրվել: «Երբ ավարտեցինք չորրորդ կուրսը, և Գագիկը պատրաստվում էր նաև մագիստրատուրա ընդունվել, զորակոչվեց բանակ: Պատերազմի ընթացքում նրա հետ չեմ խոսել: Սեպտեմբերի 27-ի առավոտյան նրան հաղորդագրություն գրեցի, որն անպատասխան մնաց»,-հիշում է Տիգրանը:

Նա պատմում է, որ Գագիկի ծննդյան օրը կեսգիշերին ընկերներով տորթ են պատվիրել և այցելել Գագիկենց բնակարան: Դուռը բացել է նրա հայրը՝ ասելով, որ որդին տանը չէ: «Վստահ եմ, որ Գագիկը գիտեր՝ այցելելու ենք իրեն, բայց քանի որ համոզված էր, որ կսպասենք մինչև գա, որոշել էր ավարտել բոլոր գործերը, նոր վերադառնալ տուն: Մի անգամ էլ շատ լավ անակնկալ մատուցեց մեզ: Մեր ընկերներից մեկի քրոջ ծննդյան օրն առանց զգուշացնելու բանակից եկավ, իսկ ավելի ուշ ծաղիկներ գնեց մոր համար ու գնաց տուն»,-վերհիշում է Տիգրանը:

Նա խոստովանում է, որ ծանր ժամանակներ են, բայց պարտավոր են հիշել, գնահատել և համերգով հարգել Գագիկ Խաչատուրյանի հիշատակը:

Գագիկ Խաչատուրյանը սովորել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնում (սկզբում՝ պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի, այնուհետև՝ դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանում):

Զորակոչվելուց առաջ Գագիկը ընդունվել էր ԵՊԿ մագիստրատուրայի վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժին։ 2019 թվականին պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել Արցախ, ծառայում էր Մեխակավանում։ Նրա աճյունը գտնվեց պատերազմից միայն 5 ամիս անց։

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գիրքը լույս է տեսել անգլերեն լեզվով

ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ

ՎԶՄԲ-ն 40 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար

Գազայի հատված է ժամանել մարդասիրական օգնությամբ լի գրեթե 900 բեռնատար

Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը

Թրամփը չի բացառել Ուկրաինային ամերիկյան զենքերի մատակարարումների դադարեցումը

Սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող ավտոմեքենայի գույքահարկը կհատուցի հանցագործը

ՀՀ ՆԳ նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով․ ԵԽ պատգամավոր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպման ՌԴ-ի ընտրությամբ «ցանկացած ժամանակ»