Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել. նախարարությունը պարզաբանում է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչներն ու աշխատակիցները բողոքում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ ծերանոցի տնօրեն Վահան Զուրաբյանին տնօրենի պաշտոնից ազատելու որոշման դեմ: Մարտի 22-ին կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում տուն-ինտերնատի բնակիչները նշում էին նաև, որ լուրեր են շրջանառվում, որոնց համաձայն՝ կառավարությունը ներքին շրջանառության մեջ է դրել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը Նորքի տուն-ինտերնատի հետ միավորման նախագիծ, ինչին իրենք նույնպես դեմ են:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ միավորման լուրն իրականությանը չի համապատասխանում: Նա նաև նշեց, որ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի ղեկավար ժամանակավոր նշանակվել է Կոլյա Մակարյանը, սակայն դեռ պետք է մրցույթ հայտարարվի տնօրեն նշանակելու համար:

«Ասում են, որ մեր տնօրենի պաշտոնավարման ժամկետն անցել է, այդ պատճառով նոր տնօրեն են նշանակել: Մենք պահանջում ենք նորանշանակ տնօրենից, որպեսզի ինքը կամ հաստատի, կամ հերքի լուրը՝ երկու ինտերնատի միավորման մասին, բայց նա ասում է, որ ոչնչից տեղյակ չէ»,- նշում էին տուն-ինտերնատի բնակիչները:

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչները դեմ են միավորմանը, քանի որ ըստ նրանց, անհնար է մի սենյակում ապրել մի քանի հոգով, և կառույցների միավորման դեպքում հենց այդպես էլ լինելու է: Բնակիչները նշում էին, որ ընդհանուր առմամբ 17 հոգի հացադուլ է անում, անգամ ցուցակ են կազմել, սակայն նախարարությունից այս լուրը ևս հերքում են:

Տնօրենի պաշտոնակատար Կոլյա Մակարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը տուն-ինտերնատների միավորման լուրին տեղյակ է այնքանով, որքանով կարդացել է մամուլում:

Պատասխանելով հարցին՝ արդյոք ինքն արդեն կորոնավիրուսի թեստ հանձնել է, թե ոչ, ասաց, որ դեռ չի հանձնել, քանի որ եկած պահից դրսում է և զրուցում է թե տուն-ինտերնատի բնակիչների, թե լրագրողների հետ:

«Ազատման դիմում գրած աշխատողների հետ կզրուցեմ, որպեսզի հասկանամ խնդիրը: Ես հենց սկզբից էլ ասել եմ, որ դառնալու ենք կոլեկտիվ, մեկ թիմ: Ես չեմ եկել «գլխատելու», եկել եմ եղածն էլ ավելի բարելավելու»,- ասաց Մակարյանը:

Բնակիչների հետ հանդիպման ժամանած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ իրենք գնում են համայնքահեն ծառայությունների ներդրման:

«Այդ ամենը չի նշանակում, որ այդ երկու տուն-ինտերնատը միաձուլելու և փակելու ենք: Հերթերում սպասող նոր տատիկ-պապիկների համար ստեղծելու ենք փոքր տների մոդել, որտեղ կտեղավորենք նրանց: Նորքի տուն ինտերնատի շենքը չի վաճառվելու, չկա նման բան»,- ասաց Ստեփանյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանը նշեց, որ գերատեսչության ենթակայության տակ կա ձեռքբերված 3 տուն, որոնք շահագործման հանձնված չեն եղել:

«Այնտեղ պետք է վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ տարվեն: Երկուսը նախագծանախահաշվարկային փուլում են, մեկն էլ՝ շինարարության: Ըստ անհրաժեշտության դրանք ևս կհանձնվեն շահագործման: Մեկ շենքում կտեղավորվի 8-12 տարեց»,- ասաց Մանուչարյանը և հավելեց, որ այդ փաստը դեռ չի նշանակում, որ մյուս շենքերը դատարկվելու են:

Այդ երեք շենքը Արմավիրի մարզի Մրգաստան և Ակնաշեն գյուղերում են, ինչպես նաև Արարատի մարզի Գեղանիստ գյուղում:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը