Մշակույթ

Չխամրող երգերի գուսանը

7 րոպեի ընթերցում

Չխամրող երգերի գուսանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մարդկայնորեն գեղեցիկ եւ ողջունելի երեւույթ է, երբ մարդիկ հպարտանում են իրենց հողուջրի ծնունդ երեւելիներով: Դա նաեւ ազգայինով հպարտանալու յուրահատուկ դրսեւորում է: Այս առումով բախտավոր են Շիրակ աշխարհի մարդիկ՝ քանի-քանի մեծանուն հայեր են ծնվել այստեղ: Անուններ չտանք, պարզապես նշենք, որ այսօր նրանցից մեկի՝ գուսան Շերամի ծննդյան օրն է, արվեստագետ, առանց որի մշտահունչ մի լար կպակասեր հայ գուսանական երգարվեստի քնարից…

Անուն, որը փայփայելի է հանուր հայության շուրթերին: Նրան մոտիկից ճանաչել ու գնահատել են նաեւ ժամանակի մեծերից շատերը: Այսպես՝ մի անգամ Շերամն «արծվի նման սավառնող, երկինք, երկիր թնդացնող» Անդրանիկ զորավարին ասել է. «Քեզի պես զենքով չեմ կռվել, բայց ինչքանով որ կհասկնամ, երգն էլ զենքից պակաս չէ»: Ազգային հերոսը գրկել է մեծ երգահանին եւ ասել. «Իհարկե, երգը երբեմն ավելի զորեղ է...»: Ավետիք Իսահակյանը, որ առանձնահատուկ հարգանք է տածել աշուղի նկատմամբ եւ զարմացել նրա խոնարհ համեստությամբ, պատեհ մի առիթով ասել է. «Տարօրինակ մարդ ես դու, քո մեծությունը չես գիտակցում…» : Բայց Շերամը յուրահատուկ կարծիք է ունեցել ստեղծագործական վարպետության մասին. «Փայտագործ վարպետը կարող է շատ ընտիր բաներ շինել, բայց եթե այդ սիրուն առարկաները թողեց փոշու ու թեփի մեջ կորած, եթե չհանեց, չմաքրեց, ուրեմն նա վարպետ չէ»: Նա միաժամանակ հիշում էր Իսահակյանի եւս մեկ խոսքն իր մասին. «Շերամը բնական երգիչ է, բնականից որ չլինի, մշակելը չի փրկի…»:

Աշուղ Շերամը (Գրիգոր Տալյան) ծնվել է 1857 թ., Գյումրիում, Տալյանների հայտնի գերդաստանում: Հայրը աշուղ Քյամալու որդիներից Կարապետն էր: Տալյան ազգանունը ծագել է աշուղի հոր տատի՝ Տալիդայի անունից, ով եղել է տոհմի հարգված ու սիրված մեծերից: Կարապետ եւ Հովհաննես եղբայրները թեեւ իրենց հոր նման աշուղներ չէին, սակայն ժառանգել էին նրա երաժշտական շնորհները եւ հիմնել իրենց աշուղական սրճարանը, որտեղ կազմակերպվում էին աշուղական մրցույթներ: Այստեղ ելույթներ էին ունենում Շիրինը, Մահուբի Գեւորգը, Ջիվանին, այլ ճանաչված աշուղներ: Այս շրջանում է, որ ի հայտ է գալիս փայտագործություն սովորած ապագա աշուղի երգաստեղծության տաղանդը, որն անմիջապես գտնում է իր համակիրներին: «Ջահել-ջահել ընկերներ հավաքվում էին թյուքանս,- հետագայում վերհիշելու էր նա,- էյ դուրգյարություն խո չէի անում կարգին. այնպես սիրահարվեցի մուզիկայի վրա, որ գիշեր-ցերեկ թառը ձեռքիցս վար չէի դնում: Ցերեկը բավական չէր, գիշերը մինչեւ ժամը մեկը-երկուսը մայրս բարկանում էր ինձ վերա բոլորովին: Ասում էր՝ ա ՜յ տղա, վեր կաց, քնի: Իսկի չէի լսում նրան. շորերս հանում էի, մտնում տեղաշորիս մեջ, թառը կրծքիս էի առնում, պառկում եւ անգամ կամաց-կամաց մատներով նվագում…»:

Հոր մահից հետո մերթ ատաղձագործի, մերթ հյուսնի, մերթ մանրավաճառի արհեստն ուսանող պատանին ինքն է պատրաստում իր առաջին սազը, թառը եւ ինքնուրույն նվագել սովորում: Գալու էր ժամանակը, երբ կատարելապես էր տիրապետելու աշուղական արվեստի բոլոր նրբություններին, եւ Շերամի երգերը հնչելու էին քաղաքում հայտնի երաժիշտների ու խմբերի կատարմամբ, նրան հրավիրելու էին նաեւ հարսանիքների: Ինչպես ժամանակակիցն է գրում, նրա գործունեության շնորհիվ Ալեքսանդրապոլի հարսանիքներում ավանդական են դառնում լարային անսամբլների ելույթները: «Ղայդեքը փոխվել են,- վկայում է բանահավաք Ալեքսանդր Մխիթարյանցը,- հիմի դավուլ-զուռնեն վո՞վ լայեղ կենե, թառ ու քամանչա կուզեն բիրադի, Տալոյենց Գոքորն օր չչալե ու երգե, էլ հարսը դռնեն կելնի՞…»:

1902 թ. լույս է տեսնում աշուղի երգերի անդրանիկ՝ «Քնար» ժողովածուն, 1905-ին՝ «Գանգատի շանթեր» գրքույկը, որում զգալի քանակ են կազմում հեղափոխական եւ հայրենասիրական երգերը՝ «Անդրանիկին», «Փութանք առաջ» եւ այլն: Նույն թվականին այցելում է Էջմիածին, որտեղ նրան լսում է Կոմիտասը եւ նոտագրում աշուղի «Ալ ու ալվան ես հագել» երգը: Հետագայում լույս են տեսնում «Սեր եւ կռիվ», «Անջուր պարտեզ», «Անզուսպ արշավ» խորագրերով գրքույկները: Վերջինում գերակշռողն ազգասիրական գործերն են, որոնք համաժողովրդական ճանաչում ու համբավ են բերում հեղինակին: Այս գրքույկում են «Անեծք Վիլհելմին», «Անդրանիկի կոչը», «Լինենք եղբայրներ» եւ այլ երգեր: 1914 թվական. Բաքու: Այստեղ բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը նրան, որպես «մետաքսի նման» նրբին երգեր հորինողի, անվանում է Շերամ, որով էլ նա հանդես է գալիս հետագա ողջ կյանքի ընթացքում:

1915 թ. Շերամն արդեն Թիֆլիսում է, որտեղ նույնպես վայելում է լայն ժողովրդականություն, հանդես գալիս համերգներով: Այստեղ կազմակերպվում է երեկո՝ նվիրված սիրված աշուղի գործունեության 35-ամյակին: Նրա մասին խոսք է ասում հանճարեղ Ջիվանու որդին՝ Գարեգին Լեւոնյանը:

1935 թ. Շերամը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւս, անկախ առաջացած պատկառելի տարիքից, շարունակում է բեղմնավոր գործունեություն: Նրան սիրով ու ջերմությամբ է շրջապատում մայրաքաղաքային արվեստասեր հասարակությունը: Բայց ծանր հիվանդությունը հյուծել էր արդեն 81-ամյա աշուղին: 1938 թ. հուլիսի 3-ին իջնում է աշուղ Շերամի կյանքի վարագույրը: Իջնում է, սակայն դա նրա երկրային կյանքի վախճանն էր միայն, քանզի աշուղի՝ իրենց 100-ամյակը վաղուց բոլորած տասնյակ ու տասնյակ սքանչելի երգեր հնչել են սերնդե-սերունդ եւ այսօր էլ շարունակում են շնչել նույն թարմությամբ, ինչպես իրենց ծննդյան օրվանից: Ասել կուզի՝ դրանք արարող հեղինակը նույնպես շարունակում է ապրել: Ապրել իրեն երկնած ժողովրդի ոգեղեն տարածքում, որը չի ճանաչում վախճան ու մոռացում: Ինչպե՞ս կարող են մոռացվել «Սարեր, կաղաչեմ», «Նա մի նազ ունի», «Պարտեզում վարդ է բացվել», «Շորորա», «Դու իմ մուսան ես», «Աննման փերի», «Էլի երկինքն ամպել է», «Սիրուններ» մշտահունչ ու հոգեթով շատ այլ երգեր, որոնք չկորսվող մարգարիտներ են հայ երգարվեստի գանձարանում…

Հենց սրանցով է անմեռ մեծ գյումրեցին:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում