Ինովացիա

Նախարար Արշակյանն ԱՄԷ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու #ArmHiTec2021 ցուցահանդեսին

2 րոպեի ընթերցում

Նախարար Արշակյանն ԱՄԷ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու #ArmHiTec2021 ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացյալ էմիրությունների (ԱՄԷ) արհեստական բանականության, թվային կառավարման և հեռավար աշխատանքի նախարար Օմար Բին Սուլթան ալ Օլամայի հետ տեսազրույցի ընթացքում քննարկել է արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, Հակոբ Արշակյանը ԱՄԷ գործընկերոջը հրավիրել է մասնակցել #ArmHiTec2021 պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին, որը Հայաստանում կանցկացվի 2021 թ. մարտի 25-27-ը:

Ըստ աղբյուրի՝ տեսազրույցի ընթացքում արաբական կողմը նշել է, որ իրենք անցում են կատարում թվային նոր ռազմավարության:

Նախարար Արշակյանն իր հերթին տեղեկացրել է, որ վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Թվայնացման ռազմավարությունը, որի շուրջ ևս կարող են համագործակցել և դրա թարգմանված տարբերակը պատրաստ են փոխանցել արաբական կողմին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԱՄԷ-ում «Հայկական վիրուտալ կամուրջ» ծրագրի շրջանակներում հայկական անկյուն ունենալու գաղափարին, ինչը հնարավորություն կտա հայկական տեխնոլոգիական սկսնակ ընկերություններին իրենց պատշաճ ներկայանալ Արաբական էմիրություններում, մասնակցել պետական տարբեր միջոցառումների և մրցույթների, ներդրումներ ստանալ արաբական կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում