ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
«Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության և տարածաշրջանային օրակարգի հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Այդ համատեքստում ուղենշվեցին տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները:
Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական կողմի ցավակցությունը հայտնեց Արցախում պատերազմի զոհերի կապակցությամբ և զորակցություն հայտնեց հայ ժողովրդին:
Զրուցակիցներն ընդգծեցին տարբեր մակարդակներով փոխշփումների և երկխոսության առավել ակտիվացման կարևորությունը` հիմնված երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամության վրա: Վերահաստատվեց երկուստեք պատրաստակամությունը խորացնելու սերտ փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում»,- ասված է հաղորդագրության մեջ: