Արմավիր քաղաքում 2020-ին կատարված շինարարությունն աննախադեպ է վերջին 25 տարում. քաղաքապետ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արմավիր քաղաքում այս տարի իրականացված շինարարական աշխատանքներն իրենց ծավալով գերազանցում են վերջին 25 տարում կատարված շինարարությանն ամբողջությամբ վերցրած: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ պետական հատկացումներով և համայնքային բյուջեի միջոցներով կապիտալ շինարարության աշխատանքների այս տարվա ծավալը կազմում է 1 միլիարդ 300 միլիոն դրամ: Քաղաքում ավելի քան 95 տոկոսով իրականացվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված բարեկարգման աշխատանքները:

«Չնայած տարին ճգնաժամային էր, այդուհանդերձ մեզ հաջողվել է սահմանված ժամանակացույցով իրականացնել շինարարական աշխատանքների ծավալը: Սուբվենցիոն ծրագրով կապիտալ վերանորոգվել են բազմաբնակարան 12 շենքերի բակային ու միջբակային տարածքներ, Արմավիրի կենտրոնական նշանակության մի շարք փողոցների ճանապարհներ՝ այդ թվում Երևանյան, Չարենցի և Ջիվանու փողոցներն ու իրար կապող բանուկ հատվածները»,-մանրամասնեց քաղաքապետը:

Մյուս կարևոր ծրագիրը մոտ 10 կիլոմետր երկարությամբ փողոցային լուսավորության անցկացումն էր: Այդ աշխատանքները նույնպես արդեն ավարտին են մոտենում: Արմավիրում այս տարի լուսավորվել է ավելի քան 15 փողոց: «Մինչև տարեվերջ նախատեսում ենք լուսավորություն ապահովել ևս 10 փողոցում: Ընդ որում՝ փողոցների լուսավորության համար կիրառվում են ժամանակակից, էներգախնայող լուսատուներ: Լուսավորության ցանցի ստեղծման 80 տոկոսը, ինչպես նաև բակային հատվածների ասֆալտապատման աշխատանքների մեծ մասն ընդգրկում են Արմավիրի ծայրամասային փողոցները»,-ասաց Խուդաթյանը:

Արմավիրցիներին մտահոգող խնդիրներից է նաև խմելու ջուրն ու ջրամատակարարման ցանցի վերանորոգումը: «Այս ընթացքում քաղաքի ջրամատակարարման ընդհանուր ցանցն արդիականացրել ենք: Միջբակային տարածքների բարեկարգման աշխատանքներին զուգահեռ՝ փոխվում է նաև ջրամատակարարման ցանցը: Մասնավորապես, Երևանյան փողոցում անցկացվել է մոտ 2 կիլոմետրանոց խմելու ջրի նոր համակարգ: Քաղաքն ունի շուրջօրյա ջրամատակարարում: Բնակչության դժգոհությունները հիմնականում պայմանավորված են մատակարարվող արտեզյան աղբյուրի ջրի որակով: Այդ ջուրը բաղադրությամբ խմելու է, սակայն որակով զիջում է բնական աղբյուրների ջրերին: Այդ խնդրի լուծման ուղղությամբ հաշվարկներ իրականացվել են, սակայն գործնական քայլեր առայժմ չկան, որովհետև բավականին մեծ ընդգրկում ունեն: Գալիք տարի նախատեսված են մի շարք փողոցների ներքին ջրագծերի հիմնանորոգման աշխատանքներ: Արդյունքում՝ էականորեն կբարձրանա և ջրի որակը, և կնվազեն՝ կորուստները»,-նշեց քաղաքապետը:

Անդրադառնալով Արմավիրում առաջիկայում նախատեսվող շինարարական նորություններին՝ Խուդաթյանը նախ տեղեկացրեց, որ ընթացիկ տարում աշխատանքներ են իրականացվել նաև քաղաքապետարանի հարակից այգում: «Այստեղ հողային ու սալիկապատման աշխատանքները գրեթե ավարտվել են: Մյուս տարի կտեղադրվեն նստարաններ ու աղբարկղեր, ինչպես նաև ջրային մակերևույթ կստեղծվի: Կարծում եմ՝ գալիք տարվա գարնանն այդ աշխատանքները նույնպես կավարտվեն: Մյուս կարևոր աշխատանքը, որը նախատեսվում է մասնավորի հետ համագործակցությամբ, քաղաքի կենտրոնական զբոսայգում մանկական ատրակցիոնների տեղադրումն է: Այգին ամբողջությամբ հագեցած է լինելու մանկական ժամանակակից ատրակցիոններով: Համավարակի պատճառով այդ աշխատանքները մի փոքր հետաձգվեցին, սակայն կառուցապատողը վստահեցնում է, որ եկող տարվա գարնան սկզբին այգին ամբողջությամբ պատրաստ կլինի շահագործման: Բացի այդ, 2021 թվականին նախատեսված է առնվազն 2 կենտրոնական փողոցների հիմնանորոգում: Նախատեսել ենք առնվազն 6 շենքի բակային տարածքների վերանորոգում: Բակային տարածքների վերանորոգման ուղղությամբ այժմ հաշվարկներ են իրականացվում և չի բացառվում, որ այդ հնարավորություններն ավելի մեծ լինեն: Կշարունակենք նաև լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքը: Կարծում եմ արդեն 2021 թվականի վերջում Արմավիր քաղաքում չենք ունենալու չլուսավորված հատվածներ»,-ասաց մեր զրուցակիցը:

Կարևորելով Արմավիր քաղաքի բնակչության կենսական խնդիրների լուծմանն ուղղված շինարարությունը՝ քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը նշեց, որ 2020 թվականի ընթացքում հիմնանորոգվել են փողոցներ, որոնք վերջին անգամ նորոգվել էին 1970-80-ական թվականներին:

«Մասնավորապես՝ Երևանյան փողոցով անցնող ավտոճանապարհը նաև հանրապետական նշանակություն ունի, որի հիմնանորոգումը հնարավորություն ընձեռեց կտրուկ նվազեցնել երթևեկության ծանրաբեռնվածությունը: Լուսավորվել են նաև այնպիսի փողոցներ, որոնց լուսավորության ցանցն անկախության տարիներին չի աշխատել: Քաղաքի զարգացման մեր աշխատանքների ընթացքում փորձում ենք հարմարավետություն ստեղծել բնակչության բոլոր խմբերի համար՝ և վարորդների, և հետիոտների, և երեխաների»,-եզրափակեց Արմավիրի քաղաքապետը:

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի