ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարը վստահեցնում է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում 2021-ի բյուջեում նախաձեռնել փոփոխություններ՝ ռազմական ծախսերի գծով, առկա անորոշությունները թույլ չեն տալիս այդ փոփոխություններն անել հենց այս պահին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ատոմ Ջանջուղազյանն այս մասին ասաց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասինօրենքի նախագծի քննարկմանը:
Նա նախ անդրադարձավ 2021-ի բյուջեի նախագծի հետ կապված հնչող տեսակետին, որ այն հիմնովին պետք է փոխվի, խոսեց նաև ռազմական ծախսերի փոփոխման մասին: Ջանջուղազյանն ասաց. «Միգուցե, այո, պետք է փոխվի: Բայց նախ կցանկանայի չափի մասին դատողություններ անելիս հաշվի առնենք, որ այն երկու կողմ ունի: Այդ չափի անընդհատ ավելացումը կամ նվազումն իր ռիսկերն ունի, պետք է դրա հետ պարզապես հաշվի նստենք: Ընդ որում, դա գիտականորեն բավականին հիմնավորված թեզ է: Եվ դրա տրամաբանությամբ է նախատեսված ռազմական ծախսերի ընդհանուր բյուջեն»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք կարիք կլինի ռազմական ծախսերը փոփոխել, ասաց՝ ենթադրում է, որ անորոշության այսօրվա աստիճանը թույլ չի տալիս հենց այսօր այդ փոփոխությունն անել: «Հետևաբար մենք ոչ մի բանով կաշկանդված չենք այն ժամանակ, երբ արդեն պարզ կլինի, թե ինչ պետք է արվի ռազմական ծախսերի հետ, արվի՝ այդ ժամանակվա բյուջետային գործընթացի տրամաբանության ներքո: Եթե անհրաժեշտ կլինի, ապա կառավարությունը, ինչպես 2020-ին, այնպես էլ 2021-ին կնախաձեռնի բյուջեում փոփոխություններ, իսկ եթե դրա անհրաժեշտությունը չի լինի և կառավարությունը կկարողանա իր լիազորությունների շրջանակում իրականացնել, ապա կիրականացնի իր լիազորությունների շրջանակում»,-ասաց Ջանջուղազյանը:
Նա շեշտեց՝ ունենալ տեսակետ, թե կարելի է առկախել բյուջեն՝ հաշվի առնելով այն, որ չգիտենք, թե ինչ է լինելու ռազմական ծախսերի հետ հաջորդ տարի, կարծում է, որ կլինի ուղղակի կոպիտ բացթողում:
Աննա Գրիգորյան