Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) դեկտեմբերի 8-ին կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի էջից:

«Դեկտեմբերի 8-ին, ժամը 13։00-ին կշարունակվի սահմանադրական կարգի տապալման գործով քննությունը»,- հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Դեկտեմբերի 1-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել էր, քանի որ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը չէր կարողացել ներկայանալ, ինչի մասին նախապես տեղեկացրել էր դատարանին։

Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում