Արցախի փախլավա, գաթա, թթու ու ժենգյալով հաց. արցախցի կանայք Երևանում աշխատում են ի նպաստ իրենց երկրի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ Երևանի տարբեր հատվածներում զգացվում է արցախյան խոհանոցի խորհրդանիշներից մեկի՝ ժենգյալով հացի բույրը: Հայ ազգի համար այս դժվար օրերին արցախցի կանայք մի փոքր լավ են զգում իրենց այն մտքից, որ կարողանում են գոնե ինչ-որ կերպ, իրենց ուժերի ներածին չափով օգնել Արցախին ու սահմանը պահող զինծառայողներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարտունու շրջանի Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցի սոլֆեջիոյի ուսուցիչ Լուսինե Ավագյանը, ով այս օրերին գնտվում է Երևանում, ասաց, որ Արցախի իր հարևանուհիների հետ արդեն մոտ 20 օր է, ինչ Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատույթում գտնվող այգում պատրաստում է ժենգյալով հաց: Ստացված գումարի մի մասն էլ հատկացվում է արցախցի ընտանիքներին և զինծառայողներին: Ժենգյալով հացից բացի կանայք պատրաստում են նաև գաթա, փախլավա և թթու:

Նա նշեց, որ Երևանի կենտրոնում աշխատելու համար իրենց տարածք են տրամադրել Ռուսաստանից և Ավստրիայից ժամանած երիտասարդ տղաներ:

«Նրանք մեզ ասացին, որ ցանկանում են բարեգործական նպատակներով օգնել մեզ, տեղ հատկացնել աշխատելու համար: Այժմ օրավարձով աշխատում ենք: Առաջին 10 օրվա այստեղից ստացված գումարի մի մասը՝ մոտ 600 հազար դրամ, այդ տղաների հետ միասին ուղարկել ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչպես նաև 3 մեծ արկղով հեռադիտակներ, մարտկոցներ և ներքնազգեստ ենք ուղարկել Արցախ»,- նշեց մեր Լուսինե Ավագյանը:

Խոսելով Մարտունիում գտնվող զինծառայողների մասին՝ տիկին Լուսինեն ասաց, որ նրանց հետ են նաև իր ամուսինն ու իրենց հարազատները:

«Հոկտեմբերի 1-ից տեղափոխվել ենք Երևան: Չէինք ցանկանում գալ, թողնել մեր տունը, սակայն մեր քաղաքապետն ասաց, որ վտանգավոր է այնտեղ մնալը, հատկապես երեխաների համար: Բայց ինչ ուզում է լինի մենք հավատում ենք, որ հետ ենք գնալու ու նորից վերականգնելու մեր քաղաքն ու մեր երկիրը»,- նշեց տիկին Լուսինեն:

Նա հավելեց, որ այս պահին ով Մարտունու ռազմական ոստիկանության պետ իր ամուսինը, իր քրոջ ամուսինը Արցախում են գտնվում:

«Որդի ունեմ, սակայն նա դեռ 17 տարեկան է, սովորում է 12-րդ դասարանում: Նա մինչ այս էլ Երևանում էր, «Արարատ» ֆուտբոլային ակումբում է խաղում և սովորում: Հունվարին էլ 18 տարին կլրանա, մինչ այս ասում էր. «Անպայման գնալու եմ Արցախում ծառայեմ, պարտքս տամ հայրենիքիս»,- ասաց մեր պատմության հերոսուհին:

Խոսելով քաղաքում ընթացող ենթակառուցվածքների վերականգնման մասին՝ նա ընդգծեց, որ ամուսինն ասել է՝ արդեն էլեկտրականությունն ու գազամատակարարումն են փորձում վերականգնել:

Տիկին Լուսինեն իր հարևանուհիների հետ սպասում է, որպեսզի այդ հարցերը լուծվեն, և իրենք օր առաջ վերադառնան իրենց տուն:

«Լույսը, ջուրը և գազը որ ապահովված լինեն, մնացածը մենք ինքներս կվերանորոգենք ու կկառուցենք: Բոլորիս տները վնասվել են, եթե մեկի տունը կանգուն է, բայց պատուհաններն ամբողջությամբ փշրվել են այդ պայթյուններից ու արկերից: Մի փոքր մտածում ենք, որ առջևում ձմեռ է, ցուրտ է լինելու, ապրելու համար դեռևս անբարենպաստ պայմաններ են, սակայն շատերս տրամադրված ենք վերադառնալ»,- եզրափակեց Լուսինե Ավագյանը:

Նա արցախյան համեղ ուտեստներ է պատրաստում է իր հարևանուհիների հետ, ովքեր Արցախում տարբեր մասնագիտություններ են ունեցել, աշխատել են ռեստորանում, խանութում, հաշվապահությունում:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ