Մշակույթ

Բյուրականի աստղադիտարանը կազմակերպում է արցախցիների մշակութային առօրյան

2 րոպեի ընթերցում

Բյուրականի աստղադիտարանը կազմակերպում է արցախցիների մշակութային առօրյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանն արդեն 3 շաբաթից ավելին իր հյուրատանն է հյուրընկալել Արցախից եկած բնակիչներին, հիմնականում՝ երեխաներ, ինչպես նաև նրանց խնամող մայրեր, տատիկներ և պապիկներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, աստղադիտարանը տեղեկացնում է, որ տնօրինության նախաձեռնությամբ, ինչպես նաև աշխատակիցների և Բյուրականի համագյուղացիների ջանքերով արցախցիների համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ։

Երեխաները բնականոն կերպով շարունակում են իրենց կրթությունը Բյուրական գյուղի դպրոցում։ Դրանից զատ, աստղադիտարանը զբաղվում է վերջիններիս մշակութային և ժամանցային հարցերով, որպեսզի պատերազմական իրավիճակում նրանց առօրյան դարձնի շատ ավելի հետաքրքիր ու գունեղ։ Մշակութային ծրագրի շրջանակներում նրանց համար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ հանրամատչելի դասախոսություններ աստղագետների, հրավիրյալ հյուրերի մասնակցությամբ, անգլերենի և, օգտագործելով աստղադիտարանի այգին՝ բուսաբանության դասընթացներ, գիտաճանաչողական էքսկուրսիաներ, այցելություններ տեսարժան և մշակութային տարբեր վայրեր և այլն։

Այս ընթացքում երեխաները հասցրել են այցելել Վ․ Համբարձումյանի տուն-թանգարան, ծանոթանալ աստղադիտարանի գործունեությանը, կատարել աստղադիտում, առցանց հանդիպում ունեցել հայ շախմատիստ գրոսմայստերների հետ, ինչպես նաև սկսել են բացահայտել Արագածոտնի մարզն ու Երևանը․ արցախցի երեխաներն եղել են Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում, մասնակցել են Իսահակյան գրադարանի Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնում կազմակերպված Հովհ․ Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի, «Գելը» հեքիաթի ընթերցմանը։ Դպրոցական արձակուրդների ընթացքում, երկու շաբաթ շարունակ երեխաները հաճախելու են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ հատուկ նրանց համար կազմակերպված դասընթացների։ Շաբաթական մեկ անգամ երեխաներին է այցելում և պարապմունքներ անցկացնում Լուսինե Գրիգորյանի ղեկավարությամբ տեսաբլոգերների խումբը։

Առաջիկայում թանգարանային այցերը շարունակվելու են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում