Հասարակական

Էրեբունի-Երևանի օրվա հետաձգված միջոցառումները կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ. Հայկ Մարության

2 րոպեի ընթերցում

Էրեբունի-Երևանի օրվա հետաձգված միջոցառումները կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Էրեբունի-Երևանի օրվա միջոցառումները հետաձգվել են, և քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցնում է, որ քաղաքի օրը կնշվի ընդհանուր հաղթանակի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարությանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Այսօր Էրեբունի-Երևանի օրն է: Տոնական միջոցառումները, հասկանալի է, հետաձգվել են. քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին: Իսկ այսօր եկեք արձանագրենք, որ մենք, պահելով Արցախի սուրբ հողը, պահում ենք նաև Էրեբունի ամրոցի հազարամյա պատերը, պահում ենք Օպերան ու Ազգային պատկերասրահը, Սուրբ Սարգիս տաճարն ու Մատենադարանը: Հաղթանակից հետո մենք կվերակառուցենք Արցախում բարբարոսի հարվածից տուժած մեր քաղաքները ու է՛լ ավելի կշենացնենք դրանք՝ հազարերորդ անգամ ապացուցելով, որ հայի հաստատակամությունն ու ապրելու կամքը անխորտակելի են: Եվ ես վստահ եմ, որ այսուհետև մեր օրացույցում միայն տոնական ամսաթվեր են ավելանալու: Ուրիշ հեռանկար չկա: Որովհետև մեր գործն արդար է, հաղթանակը՝ անխուսափելի»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Նրա խոսքով՝ այս օրերինմեր մարդկանց ամբողջ ջանքը, մտքերն ու աղոթքները ուղղված են դեպի Արցախ: Մարությանն ընդգծում է, որ թշնամու ահաբեկչական բանակների պարտադրած ահռելի պայքարում յուրաքանչյուրն իր ոլորտում լծվել է Հայրենիքի պաշտպանության ու հաղթանակի սուրբ գործին:

«Վստահ եմ, որ մեր սերունդները, այս օրերի մասին հիշելիս, մեր տղաների սխրանքին ձոնված հերոսապատումների կողքին, պատմելու են նաև միասնականության ու նվիրումի ոգու մասին, որ այս օրերին թևածում է մեզանում: Փա՜ռք հերոսներին, փա՜ռք միասնական հայությանը, կեցցեն՜ հավերժական Հայաստանն ու Արցախ աշխարհը»,- նշել է Հայկ Մարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում