Ռոհանին Պուտինի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել ԼՂ գոտում կրակի դադարի համաձայնությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրեմլը տեղեկացնում է, որ երկու պետությունների ղեկավարները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը, փոխանակվել տեսակետներով:

«Վլադիմիր Պուտինն Իրանի իր գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում լարվածության թոթափման ուղղությամբ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռնարկվող ջանքերի մասին: Իրանի նախագահն աջակցություն է հայտնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ խորհրդակցությունների արդյունքներով ձեռք վերված պայմանավորվածություններին՝ մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման, ինչպես նաև հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու համար առարկայական բանակցությունների մեկնարկի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրությունում:

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին ուժի մեջ մտավ Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը: Այն ձեռք էր բերվել Մոսկվայում հոկտեմբերի 9-ին մեկնարկած և ավելի քան 11 ժամ տևած քննարկումների արդյունքում և արձանագրվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ հայտարարությամբ. «Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

  1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
  2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
  3. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
  4. Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։

Ռազմական գործողությունները սանձազերծել էր Ադրբեջանը՝ սեպտեմբերի 27-ին: Այն հարձակվել էր Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Թիրախավորում էր խաղաղ բնակավայրերը: Սպանվել են խաղաղ բնակիչներ, ավերվել քաղաքացիական ենթակառուցվածքներ, կողմերի զինված ուժերն ունեն կորուստներ: Ադրբեջանի ԶՈՒ և սպառազինության կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանը ռազմական գործողությունները սկսել էր Թուրքիայի աջակցությամբ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են եղել նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկան ահաբեկիչներ:

Հայերեն English Français Русский

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքը հրավիրում է աճուրդի

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo