Կրակի դադարեցման համաձայնությունը ճանապարհ է բացում առարկայական բանակցությունների համար. Էդի Ռամա
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցումը՝ Մոսկվայում բանակցություններից հետո:«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԵԱՀԿ ալբանական նախագահության «Թվիթերի» էջից:«Մեզ կայունություն է պետք և՛ տեղում, և՛ Մինսկի խմբի համանախագահներիգլխավորած գործընթացում: Այս համաձայնությունը ճանապարհ է բացում առարկայական բանակցությունների համար»,- ասված է հայտարարությունում:
Ռաման հատկապես մտահոգիչ է համարել զոհերի թվի աճը և կարևորել ռազմագերիների, այլպահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման հնարավորությունը: Ռաման ողջունել է Ռուսաստանի դերը բանակցությունների հրավիրման գործընթացում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը շարունակում են լիովին ներգրավված մնալ կողմերի հետ շփումներում և պատրաստ են ապահովել բոլոր ջանքերը հակամարտության խաղաղ բանակցային լուծման հասնելու համար», - ասել է Ռաման:
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին ուժի մեջ մտավ Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը: Սակայն, անտեսելով դա, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։
Համաձայնությունը ձեռք էր բերվել Մոսկվայում հոկտեմբերի 9-ին մեկնարկած և ավելի քան 11 ժամ տևած քննարկումների արդյունքում և արձանագրվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ հայտարարությամբ: