ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում վերահաստատել է իր երկրի ագրեսիվ կեցվածքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Չավուշօղլուն հայտնել է Ադրբեջանին Թուրքիայի ցանկացած աջակցության պատրաստակամության մասին՝ անուղղակի հաստատելով, որ այլևս չեն թաքցնում աշխարհից Արցախի խաղաղ բնակչության դեմ պատերազմական հանցագործություններում իրենց ներգրավվածությունը:
Նա նաև քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին` Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի կարգավորման հստակ ծրագիր չունենալու մեջ: Չավուշօղլուն այդպիսով անտեսում է ՄԽ համանախագահության ջանքերը վերջին օրերին արյունահեղության կանխման գործում՝ արհամարհում արտաքին միջամտություն թույլ չտալու կոչերը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական:
Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների: