Մշակույթ

Հաղթելո՛ւ ենք. Օպերային թատրոնի արտիստները սատարում են հայ մարտիկներին

5 րոպեի ընթերցում

Հաղթելո՛ւ ենք. Օպերային թատրոնի արտիստները սատարում են հայ մարտիկներին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները տեսաուղերձներ են հրապարակում թատրոնի «Ֆեյսբուքի» էջում՝ իրենց աջակցությունը հայտնելով բոլոր հայ զինվորներին, որոնք Ադրբեջանի՝ Արցախի դեմ սկսած պատերազմում պայքարում են հակառակորդի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնի բալետի առաջատար արտիստ Ռուբեն Մուրադյանը նշում է, որ այն, որ մենք ֆանտաստիկ ազգ ենք, փաստ է, այն, որ մենք հաղթել գիտենք, փաստ է, այն, որ միասնական ենք, դարերով է ապացուցված, և մենք գնահատել գիտենք, սիրել ու հարգել գիտենք: «Տղերք, ձեզ հետ ենք. յուրաքանչյուրս վայրկյան առաջ փորձում է վազել դիրքեր, որպեսզի ձեր կողքին լինենք, ամեն մեկս պատրաստ է զենք վերցնել. այնպես որ՝ վստա՛հ: Ինչպես սկսել ենք, մինչև վերջ ձեզ հետ ենք»,-նշում է նա:

Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Մկրտիչ Բաբաջանյանը, ուղերձով դիմելով զինվորներին, հիշեցնում է, որ ամբողջ հայ ազգը նրանց հետ է: «Պայքարում ենք արդարության համար: Ես ամբողջ սրտով ձեզ հետ եմ և գիտեմ, որ հաղթելու ենք»,-ասում է Բաբաջանյանը:

Օպերային երգչուհի Մարինե Դեինյանն էլ ընդգծում է, որ դժվար օրեր ենք ապրում, բայց անկոտրում ենք, մեր հոգին անպարտ է: «Կռվել ենք հանուն մեր ազգային դիմագիծը պահելու, մեր լեզվի, մեր եկեղեցու: Ունենք այնպիսի զավակներ, որոնք մարտնչող ոգու տեր են և առանց վարանելու մահվանն ընդառաջ են գնում, որովհետև գիտեն, որ իրենց թիկունքում իրենց ընտանիքն է, իրենց ծնողներն են, մենք ենք: Պաշտում եմ մեր բանակը, մեր երիտասարդությանը, որոնք պայքարում են մեզ համար»,-հուզմունքով շեշտում է երգչուհին:

Երգչուհի Քրիստին Սահակյանն իր երախտագիտությունն ու շնորհակալությունն է հայտնում սահմանին կանգնած յուրաքանչյուր քաջամարտիկի: Նա նշում է, որ զինվորների շնորհիվ է, որ մեր առավոտն սկսվում է խաղաղ երկնքի տակ, և մենք զգում ենք արևի ջերմությունը: «Հոգով, մտքով, սրտով ձեզ հետ ենք, ձեր կողքին: Դարեր շարունակ ապացուցում ենք՝ ով ենք, դարեր շարունակ կերտում ենք մեր պետականությունը: Մեր ուժը մեր միասնության մեջ է: Օր առաջ թող խաղաղության աղավնիները թևածեն մեր երկնքում»,- մաղթում է Սահակյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում մայրերեն, որոնք ծնել և դաստիարակել են այսպիսի քաջ և խիզախ տղաների, ովքեր այսօր պաշտպանում են մեր երկիրը: Մենք կարողանում ենք հանգիստ քայլել մեր քաղաքում, երեխաները խաղում են, մենք աշխատում ենք, երգում ենք: Հազար շնորհակալություն»,-ասում է երգչուհի Նունե Բադալյանն ու հիշում Չարենցի տողերը. «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական / Դեպի դարերը նորից, դեպի կարմիր ապագան»:

Օպերային երգչուհի Սիրանուշ Գասպարյանն էլ հիշեցնում է, որ մենք արդեն հաղթել ենք մեր հազարամյա մշակույթով: «Տղաներ, վստահ եմ, որ դուք հաղթելու և վերջակետ եք դնելու այս մի փորձությանն էլ, և ողջ աշխարհին ապացուցենք, որ մենք կարողանում ենք լինել միասնական, որ մեր բազուկն ամուր է, որ մենք ունենք հրաշալի տղաներ, զինվորներ»,- նշում է նա ու հավելում, որ զինվորներն այլ տարբերակ չունեն ու պարտավոր են հաղթանակած վերադառնալ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի և Հայաստանի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորում է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ նրան պատճառելով մեծ կորուստներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում