Մշակույթ

Աբելյանցիները մանկական ներկայացում կցուցադրեն արցախցի երեխաների համար

2 րոպեի ընթերցում

Աբելյանցիները մանկական ներկայացում կցուցադրեն արցախցի երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախից Հայաստան եկած երեխաներին ոգևորելու նպատակով Վանաձորի թատրոնը հատուկ նրանց համար կցուցադրի «Լինում է, չի լինում» մանկական բեմադրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոքրիկները ներկայացումը կարող են դիտել հոկտեմբերի 2-ին ժամը 16:00-ին թատրոնի դահլիճում:

Մեզ հետ զրույցում Հովհ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանն ասաց, որ արցախցի տասնյակ երեխաներ են ներկա լինելու ներկայացմանը:

Ավելի վաղ թատրոնի «Ֆեյսբուքի» էջում զետեղվել էր հետևյալ գրառումը. «Սիրելի՛ հայրենակիցներ, գոյամարտի դժվարին և հերոսական օրերին չպետք է մոռանանք, թե ինչ փոթորիկներ կարող են բարձրանալ մեր մանուկների հոգիներում։ Արցախից եկած մեր փոքրիկները հատկապես շատ շփոթված են և զգայուն, ծանր մտքեր ու անպատասխան շատ հարցեր, անհանգստություններ ու վախեր ունեն: Եվ որովհետև նաև արվեստով պետք է պայքարել ու հաղթել, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդես է գալիս նախաձեռնությամբ, որը նպատակ ունի փոխել Արցախից եկած մեր փոքրիկների օրը։ Մենք ուզում ենք անվախ բալիկներին վերադարձնել մանկության բոլոր գույները և մոռացնել պատերազմն ու տագնապը։ Այս երեխաները վաղվա մեր հաղթանակի ու շարունակվող կյանքի երաշխիքն են»:

Արվեստի միջոցով երեխաներին աջակցելուց բացի, թատրոնն Արցախի բնակիչներին ու զինվորներին մարդասիրական օգնություն է ցույց տալիս` հավաքելով սննդի փաթեթներ, առաջին անհրաժեշտության պարագաներ, մեծահասակների, մանուկների համար նախատեսված հագուստ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում