ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր աղբյուրներից լուրեր են տարածվում՝ ադրբեջանցիները դժգոհում են, որ վարձկանները շարիաթի օրենքներ են փորձում մտցնել իրենց կենցաղ, կոտրում են խանութները, թալանում են մարդկանց և այլն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թևոսյանը:
Թևոսյանը հիշեցրել է, որ սեպտեմբերի սկզբին ռուսական «Նեզավիսիմայա Գազետա»-ն հոդված էր հրապարակել, որտեղ պատմում էր, որ Սիրիայից եկած վարձկանները պատրաստվում են Հայաստանի հանդեպ բլիցկրիգի: Հետագայում այդ հոդվածը ադրբեջանական ճնշումների ներքո ջնջվել էր:
«Այսօր արդեն տարբեր աղբյուրներից սողոսկում են լուրեր, թե ինչպես են պահում իրենց այդ վարձկանները հենց ադրբեջանցիների հետ, որոնց գյուղերում այս պահին տեղակայված են: Ադրբեջանցիները դժգոհում են, որ վարձկանները շարիաթի օրենքներ են փորձում մտցնել իրենց կենցաղ, կոտրում են խանութները՝ արգելելով ալկոհոլ վաճառել, կանանց արգելում են տնից դուրս գալ առանց հիջաբի, թալանում են մարդկանց և այլն»,-գրել է պատգամավորն ու հավելել, որ Ալիևի հանցագործ արկածախնդրությունն այդ երկիրը պայթեցնելու է ներսից, շատ չմնաց:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 31 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ:Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։