Ֆուտբոլի ընտրանին Կապառոսի գլխավորությամբ շարունակում է մարզական հավաքը
2 րոպեի ընթերցում
![Ֆուտբոլի ընտրանին Կապառոսի գլխավորությամբ շարունակում է մարզական հավաքը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1026551.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր գլխավոր մարզիչ Խոակին Կառապոսի գլխավորությամբ շարունակում է նախապատրաստվել Ազգերի լիգայի որակավորման փուլին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, մարզումային երկրորդ օրը թիմը աշխատել է թիմային պաշտպանության, անհատական վերահսկողութան, պաշտպանական գործողություններ ստանդարտ դիրքերի խաղարկումների վրա: Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է առավոտյան մարզում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Ժամը 16:00-ին հավաքականի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը կրկին կթեստավորվեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը, որտեղ բացակայում են իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան, ինչպես նաև գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի անունները: Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ:
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը