Ֆուտբոլի ընտրանին սկսում է առաջին հավաքը Կապառոսի գլխավորությամբ
2 րոպեի ընթերցում
![Ֆուտբոլի ընտրանին սկսում է առաջին հավաքը Կապառոսի գլխավորությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1026362.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսում է ուսումնամարզական առաջին հավաքը նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի առաջին և երկրորդ տուրերի հանդիպումները՝ նախ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային, ապա Երևանում ընդունելով Էստոնիայի ընտրանուն։ Սեպտեմբերի 1-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքին հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները միացել են թիմին։ Հավաքը մեկնարկեց ֆուտբոլիստների թեստավորումով: Երեկոյան ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը՝ Խոակին Կապառոսի գլխավորությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը, որտեղ բացակայում են իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաև գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի անունները: Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը