«Ուրարտուն» ընկերական խաղ կանցկացնի «Սևանի» հետ
2 րոպեի ընթերցում
![«Ուրարտուն» ընկերական խաղ կանցկացնի «Սևանի» հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1026270.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում միջազգային խաղերով պայմանավորված դադարի ընթացքում «Ուրարտուն» ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմն այս անգամ սեփական հարկի տակ ուժերը կչափի Առաջին խմբում հանդես եկող «Սևան» ՖԱ-ի հետ։ Խաղը կկայանա սեպտեմբերի 3-ին և կմեկնարկի 18:00-ին։
Ավելի վաղ «Ուրարտուն» ստուգողական հանդիպում անցկացրեց «Արարատ-Արմենիայի» հետ։Հանդիպման 15-րդ րոպեին կոմբինացիոն խաղի արդյունքում մրցակցի դարպասապահի հետ մեն-մենակ հայտնվեց Ջոնել Դեսիրեն։ «Արարատ-Արմենիայի» դարպասապահը միայն կանոնների խախտման գնով կարողացավ չեզոքացնել դրությունը։ Նշանակվեց 11մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Օլեգ Պոլյակովը՝ 1-0։
Առաջին խաղակեսի վերջնամասում ու երկրորդ կեսի մեկնարկում «Ուրարտուն» վստահորեն տիրում էր նախաձեռնությանը։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը աչքի ընկնելու մի շարք հնարավորություններ ունեցավ։ Մասնավորապես, Օլեգ Պոլյակովն ու Ջոնել Դեսիրեն կարող էին զարգացնել թիմի հաջողությունը, սակայն «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները երկրորդ կեսում կարողացան հավասարեցնել հաշիվը։ «Ուրարտուի» ֆուտբոլիստները խախտեցին կանոնները սեփական տուգանային հրապարակում։ Նշանակվեց 11մետրանոց։ Լուիս Օգանայի հարվածի ուղղությունը Արսեն Բեգլարյանը կռահել էր, անգամ հպվեց գնդակին, բայց իր թիմին վերահաս գոլից փրկել չկարողացավ՝ 1-1։ Խաղի վերջնամասն էլ անցավ բավականին դիտարժան պայքարում, սակայն նոր գոլեր այդպես էլ չգրանցվեցին։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը