Սպորտ

Խինես Մելենդեսը սեմինար-հանդիպում կանցկացնի «Ուրարտուի» մարզչական շտաբի հետ

2 րոպեի ընթերցում

Խինես Մելենդեսը սեմինար-հանդիպում կանցկացնի «Ուրարտուի» մարզչական շտաբի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և ՀՖՖ կրթական ծրագրի ղեկավար Անտոնիո Ֆլորեսը «Ուրարտու» մարզաբազայում մեկօրյա սեմինար-հանդիպում կանցկացնեն «Ուրարտուի» մարզչական ողջ անձնակազմի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի մասնագետները դասախոսություն կկարդան ինչպես ակումբի մանկապատանեկան, այնպես էլ երկրորդ ու գլխավոր թիմերի մարզիչների համար։

Խինես Մելենդեսը ծնվել է 1950 թ. մարտի 22-ին:

Մարզչական կարիերան սկսել է «Ալբասետե» ակումբում՝ հետագայում զբաղեցնելով տարբեր պաշտոններ ակումբի համակարգում:

2008 թվականից ՈՒԵՖԱ-ի, 2011 թվականից ՖԻՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ է:

2011-2018 թթ. զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը:

Այդ ընթացքում Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները 7 անգամ նվաճել են տարբեր մրցաշարերի չեմպիոնի կոչումը, ևս 3 անգամ՝ դարձել արծաթե մեդալակիր:

Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է նաև Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների` մասնավորապես, 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19):

Խինես Մելենդեսն Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում մարզել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Չավի Էռնանդեսը, Անդրես Ինիեստան, Իկեր Կասիլյասը, Դավիդ Վիլյան, Սեսկ Ֆաբրեգասը, Խուան Մատան, Ժեռար Պիկեն, Իսկոն և այլոք:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում