«Շիրակը» դիմել է ՀՖՖ-ին. թիմն անհանգստացած է կորոնավիրուսով հնարավոր վարակման հեռանկարից
1 րոպեի ընթերցում
![«Շիրակը» դիմել է ՀՖՖ-ին. թիմն անհանգստացած է կորոնավիրուսով հնարավոր վարակման հեռանկարից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1025159.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, գրված է. «Տեղեկանալով, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբում, ցավոք, հաստատվել է կորոնավիրուսի վարակման արդեն 23 դեպք, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես դիմել է ՀՖՖ-ին՝ հետաձգելու VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ փուլի «Շիրակ» - «Արարատ» հանդիպումը:
Այդ հանդիպումը կարող է առիթ հանդիսանալ վարակի արագ տարածմանը նաև մեր ակումբում, ինչը կարող է լուրջ վտանգի տակ դնել մեր թիմի մասնակցությունը Եվրոպա լիգայի խաղարկությանը, քանի ար համաձայն ՈւԵՖԱ կանոնակարգի՝ հանդիպման ժամանելուց առաջ ողջ անձնակազմը պետք է պարտադիր թեստավորվի, իսկ վարակի հաստատման դեպքում պարզապես չեն թողնի նույնիսկ մեկնել մրցավայր:
Նշենք նաև, որ մեր թիմի վարչական անձնակազմում ևս արդեն հաստատվել է վարակման դեպք, իսկ մի շարք ֆուտբոլիստներ այժմ արդեն թեստավորում են անցնում»:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը