Երևանի մի քանի վարչական շրջաններում դիտարկվել է հանրային տրանսպորտում կանոնների պահպանումը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները օգոստոսի 16-ին ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ ուժեղացված վերահսկողություն են շարունակել իրականացնել միաժամանակ Երևանի մի քանի վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտում ՀՀ պարետի համապատասխան որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վերահսկողության արդյունքում տեսչական մարմնի մասնագետների կողմից դիտարկվել են հատկապես մայրաքաղաքի առավել ծանրաբեռնված կանգառների կետերը և երթուղիները՝ հաշվի առնելով վերջին օրերին տեսչական մարմնի կողմից առավել հաճախ արձանագրված գերբեռնված փոխադրում իրականացնելու դեպքերի վիճակագրությունը:
Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ իրականացրել են նաև կանխարգելիչ միջոցառումներ: Կատարել են լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տեղում արձանագրված թերությունների մասով տվել պարտադիր կատարման և շտկման ցուցումներ։
«Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն շարունակվում են մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում և մարզերում»,- նշված է հաղորդագրության մեջ։