Հասարակական

Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է պարզել Կարմիր կատար լճից ջրառ կատարելու վերաբերյալ հարցը

2 րոպեի ընթերցում

Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է պարզել Կարմիր կատար լճից ջրառ կատարելու վերաբերյալ հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումները խորությամբ ուսումնասիրել են ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի կողմից բարձրաձայնված՝ Կարմիր կատար կոչվող բարձունքի խառնարանային լճին վերաբերող խնդիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՇՄ նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«Ըստ օգտատերերի՝ մի քաղաքացի պոմպի միջոցով, բնական ճանապարհով ձևավորված լճի ջուրն օգտագործում է սեփական կարիքների համար։ Նշենք, որ այդ լճից ջրառ իրականացնելու համար Շրջակա միջավայրի նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվություն չի տրվել։ Հետևաբար, որևէ քաղաքացի լճից ջրառ իրականացնելու իրավունք չունի։ Հաշվի առնելով լճի` բնական էկոհամակարգի մաս հանդիսանալու փաստը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է նամակ ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ պարզելու, թե ինչ պայմաններով է լճից ջրառ իրականացվում, տեղում ծանոթանալ խնդրին և օրենքով սահմանված կարգով վերականգնել լճի բնականոն վիճակը»,- հայտնել է Գրիգորյանը:

Նա նշել է, որ այս պահին արդեն խառնարանային լճի հարակից տարածքում են գտնվում ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ոստիկանության ներկայացուցիչները։

Մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն շրջայցի ավարտից հետո և ավելացրել, որ հատկապես այս փուլում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվելը բնության պահպանության առաքինի գործին ունի առանձնահատուկ կարևորություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում