Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դատարանին դադարեցնել տուժողների դատավարական կարգավիճակը 

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դատարանին դադարեցնել տուժողների դատավարական կարգավիճակը 

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դադարեցնել սահմանադրական կարգի տապալման գործով տուժող և նրանց իրավահաջորդ անձանց դատավարական կարգավիճակը և նրանց հարցաքննել վկայի կարգավիճակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալումյանը նշեց, որ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածք ստացած դատակոչված 102 անձինք տուժող են ճանաչվել 2008թ․ մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ հարուցված մայր գործի շրջանակներում, իսկ 2018-ին դրանից անջատվել է մի գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 300․1 հոդվածով։

Ըստ պաշտպանի՝ սույն գործով միակ տուժողը սահմանադրական կարգն է, իսկ դրա տապալման հետևանքները հավասարապես վերաբերում են ՀՀ բոլոր քաղաքացիներին, իսկ Քոչարյանին մեղսագրվող մյուս արարքի (կաշառք ստանալը) հետ այդ անձինք ընդհանրապես կապ չունեն։

Ալումյանը ներկայացրեց դատարանին 102 հոգանոց ցուցակ, խնդրելով այդտեղ նշված անձանց հարցաքննել վկայի կարգավիճակով։

Իր հերթին պաշտպան Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ 300.1 հոդվածով տուժող ուղղակի չի կարող լինել։

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված` դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը կլինի օգոստոսի 11-ին, ժամը 13։00-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում