«Նոա»-ն նպատակ ունի հաջորդ մրցաշրջանում ձգտել չեմպիոնության. Արթուր Սահակյան 

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի արդեն իսկ ավարտված առաջնությունը լի էր բացահայտումներով, ձախողմամբ և դրամատիզմով լի խաղերով: Եթե մրցաշրջանի մեկնարկին ինչ­որ մեկը ասեր, թե նորաստեղծ «Նոա» ֆուտբոլային ակումբը կպայքարի չեմպիոնության համար կամ կդառնա երկրի գավաթակիր, շատ քչերը կհավատային նրան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Նոա»-ի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանն ամփոփեց մրցաշրջանը, ի մի բերեց նվաճումները և խոսեց առաջիկա անելիքների մասին:

- Ամփոփելով արդեն իսկ ավարտված մրցաշրջանը՝ ինչպիսի՞ն էր այն «Նոա»-ի համար, և դա ա՞յն էր, ինչ մրցաշրջանի մեկնարկին ակնկալում էիք:

- Նախ նշեմ, որ բավականին հաջող մրցաշրջան ստացվեց մեզ համար: Հիմնական խնդիրը եվրոգավաթային ուղեգիր նվաճելն էր, և կարևոր չէր, թե որ ճակատով` առաջնությա՞ն, թե գավաթի խաղարկության: Խնդիրը մեկն էր: Բայց փառք ու պատիվ ֆուտբոլիստներին, մարզիչներին և ողջ անձնակազմին, քանի որ մենք կարողացանք խնդիրը լուծել երկու ճանապարհով էլ. առաջնությունում երկրորդը եղանք ու շատ մոտ էինք չեմպիոնությանը և պատմական նվաճման հասանք ակումբի համար` թիմի առաջին իսկ տարում դարձանք Հայաստանի գավաթակիր:

- Խոսենք գավաթի դրամատիկ եզրափակիչի մասին. ի՞նչ տվեց գավաթը և ինչպե՞ս կհիշվի այն ակումբի համար:

- Այդ խաղի զգացողություններն աննկարագրելի էին, քանի որ 4:1 հաշվով պարտվելուց հետո շահել նման հանդիպումը, պարզապես հոլիվուդյան սցենարի է նման: Կարծում եմ, այս եզրափակիչը ֆուտբոլի նկատմամբ մեր ունեցած սերն ավելի խորացրեց, որովհետև բավականին հետաքրքիր հանդիպում ստացվեց: Եզրափակիչը տղաներին հավատ ներշնչեց, որ չպետք է ընկճվել և մինչև վերջ պետք է պայքարել և ցույց տվեց, որ մենք ունենք բնավորություն, որ մենք ճիշտ ճանապարհին ենք. ունենք թիմը, որը չի կոտրվում:

- Ամեն ակումբ ունի իր փիլիսոփայությունը, ո՞րն է «Նոա»-ի փիլիսոփայությունը և ի՞նչ է ուզում տալ հայկական ֆուտբոլին ձեր ակումբը:

- Մեր ակումբի ամենամեծ հաջողությունը կլինի այն, որ «Նոա»-ի՝ իր գերխնդրին հասնելու ճանապարհին ակումբում խաղան սեփական կադրերը: Իհարկե, դրա համար մեզ երկար տարիների աշխատանք է սպասում: Այսինքն` ստեղծել սեփական ակադեմիա, սեփական կադրեր և այդ ընթացքում մեծ աշխատանք տանել հիմնական թիմի վրա: Եվ ժամանակի ընթացքում թիմն ու ակադեմիան կմիանան իրար: Մենք ցանկանում ենք կայանալ որպես ակումբ, ոչ որպես թիմ: «Նոա»-ն տարբերվում է այլ ակումբներից. ունենք սեփական ոճ` լինի բրենդային, թե կազմակերպվածության առումով: Ցանկանում ենք կերտել մերը:

- Խոսեցիք ակադեմիայի մասին, ի՞նչ պլաններ կան այդ տեսանկյունից:

­ Մանկապատանեկան թիմեր այժմ էլ ունենք, սակայն չունենք կոնկրետ ուղղվածություն: Դրա համար էլ ենթակառուցվածքներ են պետք: Այժմ զբաղված ենք այդ հարցով, լիահույս եմ, որ երկու շաբաթվա ընթացքում այդ հարցը լուծում կստանա, և մեզ կտրամադրվի այն տարածքը, որտեղ մտադիր ենք վերակառուցել ակադեմիան:

- Հայկական ֆուտբոլի ամենացավոտ թեմաներից մեկը լեգիոներներն են: Ձեր թիմում շատ են լեգիոներները, ի՞նչ տեղ եք պատրաստվում տալ հայ ֆուտբոլիստներին:

- Առաջին տարվա համար ՀՖՖ-ի կողմից չկա շեշտադրում, թե հիմնական կազմում պետք է խաղան հայ ֆուտբոլիստները: Մարզչից արդյունք էր պահանջվում, և նա էր որոշում, թե ովքեր խաղան մեկնարկային կազմում: Սակայն ՀՖՖ-ի ընդունած նոր սահմանափակումներն առնվազն կպահպանեն և դրանից ավելի: Թե որքան հայ ֆուտբոլիստ կխաղա թիմում, պետք է ֆուտբոլիստներն ապացուցեն մարզչին, որ իրենք արժանի են: Բարձրակարգ հայ ֆուտբոլիստների պակաս կա:

- Իսկ ինչի՞ հետ եք դա կապում, ինչո՞վ է դա պայմանավորված:

­ Պայմանավորված է մանկապատանեկան ֆուտբոլով: Չեմ ընդունում այն միտքը, որ մանկապատանեկան տարիքում ունենք վատ ֆուտբոլիստներ: Ընդակառակը` խնդիրը մարզիչների, նրանց սխալ մոտեցման մեջ է: Հայաստանում միշտ էլ եղել են տաղանդավոր երիտասարդներ:

- Ի՞նչ ծրագրեր ունի «Նոա»-ն մրցաշրջանի համար՝ համալրման տեսանկյունից:

- Ունենք չորս նոր ֆուտբոլիստ: Մի քանի համալրում ևս սպասվում է: Կարծում եմ, բավականին հետաքրքիր առաջնություն է մեզ սպասում, քանի որ թիմերը անհամեմատ ուրիշ տեսքով կներկայանան: Նախորդ մրցաշրջանում մենք անակնկալ էինք շատ թիմերի համար: Այժմ թիմերը չեն թերագնահատում միմյանց: «Նոա»-ն նպատակ ունի հաջորդ մրցաշրջանում ձգտել չեմպիոնության:

- Մասնակցելու եք Եվրոպայի լիգայի որակավորման փուլին: Նախորդ տարի հայկական ակումբները բարձր նշաձող սահմանեցին, իսկ ո՞րն է լինելու ձեր խնդիրը:

- Հաղթել ամեն հանդիպումում: Մենք չէինք ուզենա որևէ նշաձող սահմանել, փորձելու ենք պատվով ներկայացնել Հայաստանը:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում