Սպորտ

Մարմնամարզիկները սկսում են զրոյից. Հակոբ Սերոբյան 

2 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկները սկսում են զրոյից. Հակոբ Սերոբյան 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները մարզումները վերսկսել են գրեթե զրոյից:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում առցանց մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին խոսեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

«Համավարակի ազդեցությունը բոլոր ոլորտների, մասնավորապես, սպորտի վրա շատ բացասական էր: Երբ չենք մարզվում երկու շաբաթ, մեզ մեկ ամիս է պետք լինում վերականգնվելու համար: Մինչ այդ հավաք էինք անցկացնում Թբիլիսում, համավարակի ընթացքում այն զրոյացավ: Սակայն չկա չարիք առանց բարիքի. մեր թիմի՝ ուսի վնասվածք ունեցող երկու տղաներն առավել լավ հետազոտվեցին և վիրահատվեցին»,-ասաց նա:

Սերոբյանի խոսքով` հավաքականը քիչ-քիչ է վերադառնում մարզումային գործընթացին: Այժմ Արթուր Դավթյանը սկսել է հենացատկերի վրա կատարել այնպիսի վարժություն, որը նոր է և հնարավոր է, որ այն կոչվի իր անունով: «Արթուր Դավթյանն ուզում է աշխարհի ամենաբարդ ցատկերից մեկը կատարել Օլիմպիական խաղերում, իսկ ընդհանուր առմամբ երիտասարդներն էլ, պատանիներն էլ նպատակաուղղված մարզվում են: Սակայն դեռևս անորոշ է մնում, թե երբ ենք սկսելու մրցաշարերի մասնակցել: Մենք այժմ ամեն ինչ սկսում ենք զրոյից»,-ասաց մասնագետը:

Նա փաստեց, որ համավարակի ընթացքում մարզիկները և մարզչական շտաբը կարոտել են դահլիճը և մարզումները: Սերոբյանը շեշտեց, որ մարզումներն անցկացվում են պարետատան բոլոր ցուցումներին համապատասխան:

Մարմնամարզիկներն այս տարի կարող են մասնակցել միայն միջազգային մրցաշարերի. Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններ չկան:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում