Ռոբերտ Քոչարյանը շարունակելու է վերականգնողական բուժումը հիվանդանոցում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ բժիշկների սահմանած ժամանակացույցին համապատասխան։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից։
«Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում 2 մլրդ դրամ գրավի վճարման գործում Քոչարյանների ընտանիքին աջակցած հանրահայտ խոշոր գործարարներին և բարերարներին, ինչպես նաև այն բազմաթիվ քաղաքացիներին, որոնք նախօրեին կամավորության սկզբունքով գումարներ են փոխանցել պետական համապատասխան հաշվեհամարին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ, Քոչարյանի պաշտպանական թիմը հաղորդագրություն էր տարածել, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար 2 մլրդ դրամի չափով սահմանված գրավը վճարվել է։