Life

Ավելի շատ գործ անել, ավելի քիչ խոսել. OnPlay խումբը թարմ շունչ կբերի հայկական շոու բիզնես

4 րոպեի ընթերցում

Ավելի շատ գործ անել, ավելի քիչ խոսել. OnPlay խումբը թարմ շունչ կբերի հայկական շոու բիզնես

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: OnPlay փոփ խումբը երկար տարիներ այլ անվանումով ակումբային գործունեություն է ծավալել՝ ներկայացնելով համաշխարհային հիթերի քավր տարբերակները: Երաժշտասերների ավելի լայն շրջանակին հայտնի դառնալու նպատակով խումբը որոշել է ինքնագործունեությամբ զբաղվել՝ նոր շունչ բերելով հայկական շոու բիզնես:

ՕnPlay-ի մենակատարներից Արտյոմ Հակոբյանը՝ նույն ինքը՝ Տյոմը, որին շատերը ճանաչում են «X ֆակտոր», «Դեպի Եվրատեսիլ», «Նոր ալիք» երաժշտական նախագծերից, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ փոփ ժանրում են երգում, բայց պատրաստ են նաև փորձարարության ու կարող են անակնկալներ մատուցել հանդիսատեսին:

«Խումբը գործում է արդեն մի քանի տարի, բայց OnPlay անունով նոր է ներկայանում հանրությանը: Նախատեսում ենք համերգային ծրագրերով հանդես գալ, տեսահոլովակներ նկարահանել, երգում ենք հիմնականում քավր, բայց կունենանք նաև հեղինակային գործեր: Փակագծերը դեռ չեմ կարող բացել, քանի որ առաջնորդվում ենք «Ավելի շատ գործ անել, ավելի քիչ խոսել» կարգախոսով»,-նշեց Տյոմը:

Հակոբյանից բացի, որպես մենակատարներ, խմբում հանդես են գալիս Էմմա Հովհաննիսյանը, Արևիկ Գրիգորյանը, Ջուլիետտա Գրիգորյանը, իսկ երաժիշտներն են Նարեկ Խեչումյանը, որը հարվածային գործիքներ է նվագում, սոլո կիթառահար Արեգ Օրդյանը, բաս կիթառահար Դավիթ Պարոնիկյանը, ստեղնաշարային գործիքներ է նվագում Ջանիկ Ջանոյանը, սաքսոֆոնահարն է Դմիտրի Արզումանյանը, շեփորահարը՝ Դանիել Մելքոնյանը, խմբի անդամներից է DJ Beatmen-ը:

Չնայած խումբը բավականին մեծ է, աշխատելիս խոչընդոտների չեն բախվում: Համագործակցում են համերաշխ մթնոլորտում. այս կամ այն երգի ընտրությունը կատարում են քննարկումների, զրույցների արդյունքում:

«Ասես մեծ ընտանիք լինենք, և մեզանից յուրաքանչյուրն իր խոսքն ունի: Կարողանում ենք տարբեր հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ և աշխատում ենք փոխհամաձայնությամբ»,-շեշտեց Տյոմը:

Խոսելով սպասվող հնարավոր մրցակցությունից՝ երգիչը խոստովանեց, որ այլ խմբերի կամ երգիչների հետ մրցակցելու ցանկություն բնավ չունեն: «Մենք գլուխներս կախ մեր գործն ենք անում: Շուկան փոքր է, բայց ստեղծագործողները տարբեր են, և մենք էլ մեր տեղը կարող ենք ունենալ, քանի որ խմբի անդամներից յուրաքանչյուրը որոշակի ուղի է անցել ու իր լսարանը ձևավորել: Պարզապես միայն սիրված երգերի քավր տարբերակներ չենք ներկայացնելու. ունենք բազմաթիվ մտահղացումներ, նորություններ, որոնք շուտով կբացահայտենք»,-ասաց Տյոմը:

Նրա կարծիքով՝ OnPlay-ը պետք է նոր խոսք ասի, քանի որ անիմաստ է կրկնել այն բոլոր խոսքերը, որոնք արդեն ասվել են:

Խումբն օրեր առաջ մենահամերգով ելույթ է ունեցել Հանրային հեռուստատեսության «Արտակարգ համերգ» ծրագրի շրջանակում:

OnPlay-ի համերգը մեծ լսարան է ունեցել, դրական արձագանք է գտել ոչ միայն երաժշտասերների, այլև ոլորտի ներկայացուցիչների շրջանում: «Մինչ օրս մեզ գրում են, շնորհակալություն են հայտնում: Այդ աջակցությունը շատ կարևոր է և ոգևորող»,-նշեց Հակոբյանն ու տեղեկացրեց, որ OnPlay-ի գործունեությանը ծանոթանալու համար երաժշտասերները կարող են հետևել խմբի «Ինստագրամ»-ին:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները տրամադրել է Արտյոմ Հակոբյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում