Հասարակական

Երևանում գրանցվում են ծառերի գողության դեպքեր. քաղաքապետարանը ուժեղացնելու է հսկողությունը

3 րոպեի ընթերցում

Երևանում գրանցվում են ծառերի գողության դեպքեր. քաղաքապետարանը ուժեղացնելու է հսկողությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակով պայմանավորված հանրապետությունում բազմաթիվ ոլորտներում եղան սահմանափակումներ, սակայն Երևանի կանաչապատումն այս ընթացքում դադար չի ունեցել: Ընդհակառակը՝ ակտիվ իրականացրել է ծրագրով նախատեսվածը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմիբնապահպանության վարչության գլխավոր մասնագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Ներսիսյանը նշեց, որ կատարվել են ծառերի ձևավորման, ինչպես նաև մեծածավալ թփապատման աշխատանքներ, միջավայրի բարեկարգում:

«Աշխատանքի ծավալները բավական մեծ են, Երևանում շուրջ 250 հազարից ավելի թփատեսակներ են տնկվել, որոնք էկոլոգիական առումով շատ կարևոր են: Ընդգծեմ փողոցամերձ հատվածում պատնեշային թփապատումը, որը կապահովի և՛ հողային շերտի պահպանությունը, և՛ կնպաստի արտանետումների նվազմանը»,-ասաց Գայանե Ներսիսյանը: Ծառատեսակների ու թփերի հետ կապված առաջարկվել են հետաքրքիր լուծումներ: Մասնավորապես, ծառերի տեսակներ ընտրելիս հաշվի են առնվում տվյալ տարածքում օդի աղտոտվածության մակարդակը, բնակլիմայական պայմանները և այլ հանգամանքներ: Ծառը ոչ միայն պետք է ունենա գեղազարդ էֆեկտ, այլև էկոլոգիապես կայուն հատկություն:

Կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, այս ընթացքում բնակիչները բարձրացրեցին խնդիրներ. նոր տնկված ծառերը չորանում են: Այս հարցի հետ կապված մասնագետը նշեց, որ մի կողմից ոչ բոլոր տնկվածները կարող են կպչողականություն ունենալ, մյուս կողմից էլ կա ոռոգման համակարգը բարելավելու անհրաժեշտություն, որն արվում է:

«Մենք ոռոգման համակարգի լավ ժառանգություն չունենք, և հիմա փուլային տարբերակով այն բարելավվում է: Մասնավորապես, այս տարի նախատեսված են20 կմ չափով ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներ: Մրցույթները հայտարարված են, հաղթողներ կան, անհրաժեշտ նյութերը ձեռք են բերվել, առաջիկայում գործընթացը կիրականացվի»,-ասաց Գայանե Ներսիսյանը:

Մասնագետն ընդգծեց, որ համայնքը զգալի աշխատանք է կատարում՝ կապված ծառերի, թփերի տնկման, խնամքի հետ, սակայն գրանցվում են ցավալի դեպքեր, երբ որոշ քաղաքացիներ գողանում են նոր տնկված ծառերը:

«Դեպքերը գրանցվում են բոլոր վարչական շրջաններում, դա անթույլատրելի է: Պատկերացնում եք, մենք հսկայական աշխատանք ենք կատարում, հաջորդ օրը տեսնում ենք ծառերը չկան: Ավելի հաճախ նկատվում են մշտադալար ծառատեսակների գողության դեպքեր»,-ասաց Գայանե Ներսիսյանը: Նա նշեց, որ քաղաքապետարանը ծրագրեր է մշակում հսկողությունն ուժեղացնելու համար՝ համագործակցելով տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ՝ ներդնելով նոր գործիքակազմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում